Սիրիայում շարունակվում են ընդդիմության դեմ ուղղված բռնությունները

Սիրիայում շարունակվում են ընդդիմության դեմ ուղղված բռնությունները

Սիրիայի ուժերը Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող տարածաշրջանում սաստկացնում են գործողություններն ընդդիմության դեմ:

Սիրիայի զինծառայողները մուտք են գործել Մաարեթ ալ-Նուման քաղաքը:

Անցյալ մի քանի օրվա ընթացքում երկրի անվտանգության ուժերը Ջիհր ալ-Շուղուր քաղաքում և դրա շրջակայքում գործողություններ են իրականացրել « զինյալ խմբավորումների» դեմ, որոնց կառավարությունը մեղադրել է անվտանգության ուժերի 120 ծառայողի սպանությունն իրականացնելու մեջ:

Սիրիայից Թուրքիայի տարածք անցած փախստականները երկուշաբթի օրը հայտնել են, որ անվտանգության ուժերը խուզարկում են գյուղերը` ձերբակալելով 18-ից 40 տարեկան բոլոր տղամարդկանց: Փախստականների համաձայն, սև համազգեստ կրող մարդիկ կրակի են մատնում դաշտերը:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ Սիրիայից փախստականների թիվն արդեն գերազանցել է 8 հազարը:

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, ընդդիմության նկատմամբ կառավարական ուժերի կողմից մարտ ամսից գործադրվող բռնությունների պատճառով զոհվել է ավելի քան 1 300 մարդ: