Սիրիայի կենտրոնական մասում բախումների պատճառով զոհվածների թիվը աճում է

Սիրիայի կենտրոնական մասում բախումների պատճառով զոհվածների թիվը աճում է

Սիրիայի կենտրոնական Ռասթան քաղաքում անվտանգության ուժերի գործողությունների պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ:

Սիրիայի ակտիվիստների և ականատեսների համաձայն, քաղաքում բազմաթիվ շենքեր են ոչնչացվել` կառավարական ուժերի կողմից ժողովրդավարության ջատագովների դեմ իրականացվող գործողությունների պատճառով:

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, երկրի այդ մասում բռնությունների պատճառով զոհվել է 41 մարդ, որոնց թվում կա երկու երեխա:

Ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ ուրբաթ օրը կազմակերպվելու է հանրահավաք, որի նպատակն է հարգանքի տուրք մատուցել նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ ապստամբության ընթացքում զոհված 25 երեխաների, այդ թվում` անվտանգության ուժերի կողմից կտտանքների ենթարկված և սպանված 13-ամյա մի տղայի հիշատակին: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները:

Սիրիայի ընդդիմության գործիչները հանդիպում են կազմակերպել Թուրքիայում, որտեղ մշակում են հակակառավարական ապստամբությանը աջակցություն ցուցաբերելու ծրագիր: Հանդիպման մասնակիցները առաջարկել են նաև ստեղծել օգնության հիմնադրամ և դիմել սիրիացիներին, ինչպես նաև արաբական այլ պետությունների ներկայացուցիչների` խռովությունների պատճառով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: