Կոսովոն մեղադրել է Սերբիային բռնություններ նախապատրաստելու մեջ, որոնք ուղղված կլինեն Կոսովոյի իշխանությունների կողմից սերբերով բնակեցված հյուսիսում վիճահարույց սահմանային երկու հենակետի նկատմամբ վերահսկողություն հաստատելը խոչընդոտելուն:
Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին` ասելով, որ Սերբիան նախապատրաստում է «անօրինական և քրեական կառույցներ` բռնությունները հրահրելու և Կոսովոյի օրինական իշխանություններին իրենց սահմանապահ և մաքսային վերահսկողության պարտականությունների կատարումը խոչընդոտելու նպատակով»:
Վարչապետ Թաչիի համաձայն, Կոսովոյի իշխանությունները, Եվրոպական Միության ոստիկանության և ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, սեպտեմբերի 16-ին մեկնարկելու են սահմանային հենակետերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրի իրականացումը:
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը երեքշաբթի օրը զգուշացրել է, որ Կոսովոյի իշխանությունների կողմից սահմանային վիճահարույց երկու հենակետի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձը կարող է կրկին լարվածություն առաջացնել Կոսովոյի սերբերով բնակեցված հյուսիսում:
Տադիչն ասել է, որ Սերբիան կատարելու է իր պարտականությունները` Կոսովոյի կողմից այդ հենակետերի նկատմամբ վերահսկողություն հաստատելը խոչընդոտելու համար, և կոչ է արել միջազգային հանրությանը դադարեցնել նման գործողությունները և շարունակել Եվրոպական Միության միջոցով իրականացվող միջնորդությունը: