Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ին Կոսովոյում խաղաղապահ լրացուցիչ ուժեր են պահանջվում


ՆԱՏՕ-ին Կոսովոյում խաղաղապահ լրացուցիչ ուժեր են պահանջվում
ՆԱՏՕ-ին Կոսովոյում խաղաղապահ լրացուցիչ ուժեր են պահանջվում

ՆԱՏՕ-ն պահանջել է ավելացնել Կոսովոյում անվտանգության ապահովման առաքելությունն իրականացնող զինծառայողների թիվը, երբ այս տարածքի հիմնականում սերբերով բնակեցված հյուսիսում անցյալ շաբաթ բռնություններ են տեղի ունեցել:

Կոսովոյում ՆԱՏՕ-ի անվտանգության ուժերի խոսնակ Դիտեր Վիխթերը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Կոսովո անհրաժեշտ է լրացուցիչ ուղարկել մեկ գումարտակի չափով խաղաղապահ ուժեր: Վիխթերի համաձայն, անվտանգությունն ապահովող ուժերի համալրումը թույլ կտա հեշտացնել ներկայումս անվտանգության ապահովմանն ուղղված ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատանքը:

ՆԱՏՕ-ի խոսնակ Կարմեն Ռոմեոյի համաձայն, Կոսովոյում իրավիճակը չի վատթարացել, սակայն ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը շատ են ծանրաբեռնված, և անհրաժեշտ է թեթևացնել իրենց աշխատանքը:

Կոսովոյում Սերբիայի իշխանությանը վերջ տված պատերազմից 12 տարի անց այնտեղ դեռևս տեղակայված է ՆԱՏՕ-ի վեց հազար զինծառայող:

Վերջերս տեղի ունեցած բռնությունների ընթացքում Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերն ընդհարվել են էթնիկ ալբանացիներից կազմված անվտանգության ուժերի հետ, ինչի հետևանքով տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում զոհվել է ազգությամբ ալբանացի մեկ ոստիկան: Բռնությունների պատճառով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը միջամտել են անցյալ հինգշաբթի օրը` Կոսովոյի իշխանությունների հետ համաձայնության հիման վրա վերահսկողություն հաստատելով սահմանային երկու անցակետի նկատմամբ, որտեղից Կոսովոյի իշխանությունները դուրս են բերել ոստիկանության հատուկ ուժերը:

Կոսովոյի ոստիկանության հատուկ ուժերի դուրսբերումից հետո ազգությամբ սերբ գրոհայինների ամբոխը կրակի է մատնել անցակետերից մեկի շենքը և կրակ բացել բռնությունները դադարեցնելու համար ուղարկված ՆԱՏՕ-ի խաղաղարարների ուղղությամբ:

Սերբիայի պաշտոնատար անձինք երկուշաբթի օրը հանդիպել են Եվրոպական Միության միջնորդների հետ` տարածաշրջանում միջէթնիկական լարվածության վերջին դեպքերը քննարկելու համար:

XS
SM
MD
LG