Կոսովոյի հյուսիսում գնալով ուժեղանում է լարվածությունը Սերբիայի հետ սահմանային երկու անցումների բացման հարցի շուրջ:
Հարյուրավոր էթնիկ սերբեր ուրբաթ օրը բողոքի ցույցեր են անցկացրել «Յարինյե» և «Բրնյակ» սահմանային անցումների մոտակայքում` ի պատասխան Եվրոպական Միության ոստիկանության և Կոսովոյի մաքսատան ծառայողների կողմից սահմանային այս անցումները վերաբացմանն ուղղված փորձերին:
Պրիշտինայում Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին, հանդես գալով նախարարների խորհրդի նիստի ժամանակ, ասել է, որ մաքսակետերը բացելուն ուղղված աշխատանքները «ընթացքում են»:
Կոսովոյի հարցերով Սերբիայի նախարար Գորան Բոգդանովչն ուրբաթ օրը զգուշացրել է, որ մաքսակետերի բացմանն ուղղված ջանքերը կարող են հակամարտության վերսկսման հանգեցնել:
ԵՄ-ի պաշտոնատար անձինք սակայն հայտնել են, թե պարզապես ցանկանում են ի կատար ածել սահմանային անցակետերի վերաբացման մասին այս ամսվա սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունը:
ԵՄ-ի համաձայն, փշալարով շրջապատված սահմանային անցակետերի անձնակազմն ու անհրաժեշտ նյութերը տեղափոխելու համար օգտագործվել են ուղղաթիռներ:
Կոսովոյում ԵՄ-ի առաքելությունը կոչ է արել երկու կողմերին օժանդակություն ցուցաբերել այս գործողություններին`«օրենքի գերակայությունը բարելավելու նպատակով»:
Սահմանային այս անցումները գտնվում են ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ` այնտեղ հուլիս ամսվա ընթացքում սերբերի և ալբանացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո:
Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողությունների հարցով փոխքարտուղար Էդմոնդ Մուլետը կոչ է արել Կոսովոյին և Սերբիային, սահմանային անցումը բացելու նախօրեին, ցուցադրել խնդիրների խաղաղ եղանակով լուծմանն իրենց հանձնառությունը:
Սերբիան և Ռուսաստանը դիմել են ՄԱԿ-ին` Կոսովոյի էթնիկ ալբանացի իշխանությունների կողմից էթնիկ սերբերով բնակեցված Կոսովոյի հյուսիսային մասում ուժի գործադրումը կանխելու հարցով պահանջել են անցկացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացման պահանջով: