Սերբիայի պատվիրակությունը չորեքշաբթի օրը հեռացել է Բելգիայում Եվրոպական Միության միջնորդությամբ անցկացվող Կոսովոյի հետ բանակցություններից` տարածաշրջանում ստեղծված լարվածության պատճառով:
Եվրոպական Միության դիվանագետների համաձայն, Սերբիայի պատվիրակությունը պատրաստ չէր շարունակելու երեքշաբթի օրը դադարեցված բանակցությունները:
Բանակցությունները դադարեցվել են երեքշաբթի օրը` Կոսովոյում սահմանային անցումի մոտ ՆԱՏՕ-ի խաղաղապահների և էթնիկ սերբերի միջև տեղի ունեցած բախումների պատճառով, որոնց հետևանքով վնասվածքներ է ստացել չորս խաղաղապահ և էթնիկ 16 սերբ:
Եվրոպական Հանձնաժողովի համաձայն, այն խորհրդակցություններ կանցկացնի Կոսովոյի և Սերբիայի իշխանությունների հետ` բանակցությունների նոր ժամանակացույց հաստատելու նպատակով:
Միավորված Ազգերի կազմակերպության կողմից չորեշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, չորեքշաբթի օրը կանցկացվեն խորհրդակցություններ Սերբիայի և Կոսովոյի միջև ստեղծված իրավիճակի շուրջ:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին էթնիկ սերբերը բողոքի ցույցեր են անցկացրել «Յարինյե» և «Բրնյակ» սահմանային անցումների մոտակայքում` ի պատասխան Եվրոպական Միության ոստիկանության և Կոսովոյի մաքսատան ծառայողների կողմից սահմանային անցումների վերաբացմանն ուղղված փորձերին:
Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին, հանդես գալով Կոսովոյի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, ասել է, որ մաքսակետերը բացելուն ուղղված աշխատանքները «ընթացքում են»:
Կոսովոյի հարցերով Սերբիայի նախարար Գորան Բոգդանովչը նախկինում հադես էր եկել հայտարարությամբ` զգուշացնելով, որ մաքսակետերի բացմանն ուղղված ջանքերը կարող են հակամարտության վերսկսման հանգեցնել: