Մատչելի հղումներ

Սերբիան և Կոսովոն համաձայնվել են հեշտացնել փաստաթղթերի փոխանակումը


Կոսովոյի մահմեդականները աղոթում են մայրաքաղաք Պրիշտինայի մզկիթի մոտ
Կոսովոյի մահմեդականները աղոթում են մայրաքաղաք Պրիշտինայի մզկիթի մոտ

Սերբիան, որը չի ընդունել նախկինում այս երկրի մեջ մտնող Կոսովոյի անկախությունը, թույլատրելու է որոշ գրառումների փոխանակում և հեշտացնելու է տեղաշարժը երկու պետությունների միջև:

«Բլումբերգ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵՄ-ի հովանավորությամբ մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Սերբիան և Կոսովոն համաձայնվել են թույլատրել անձի և վարորդական վկայականներ ունեցող անձանց, ինչպես նաեւ երկու կողմերի պետհամարանիշներով ավտոմեքենաների տեղաշարժը:

Այդ փաստաթղթերի ցանկում սակայն չեն ընդգրկված անձնագրերը, քանի որ, Սերբիայի բանագնացների խմբի ղեկավար Բորիսլավ Ստեֆանովիչի համաձայն, Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոն որպես անկախ պետություն:

Բրյուսելում ընդունված համաձայնագրի պայմաններով, Կոսովոյի փաստաթղթերով Սերբիայի տարածք մուտք գործող մարդկանց տրվելու են այս երկրի տարածքով տեղափոխվելու իրավունք տրամադրող հատուկ վկայականներ, իսկ Կոսովոյի դրոշով պետհամարանիշները Սերբիայի սահմանին փոխարինվելու են ժամանակավոր` «չեզոք» համարանիշներով:

Սպասվում է, որ սեպտեմբերին տեղի կունենան լրացուցիչ բանակցություններ դպրոցի ավարտական վկայականների փոխադարձ ճանաչման, հողի ռեգիստրի շուրջ համագործակցության, մաքսային և էներգետիկայի ոլորտում աշխատանքներ իրականացնելու շուրջ:

Ստեֆանովիչի համաձայն սակայն, ստորագրելու հանդիսավոր արարողություն չի անցկացվելու։ Կողմերը պարզապես ուժի մեջ են դնելու համաձայնագիրը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG