Միլիոնատեր Բեջեթ Պակոլին դարձել է 2008 թվականին Սերբիայից անկախություն հայտարարած Կոսովոյի երկրորդ նախագահը։
Պակոլին, քվեարկության երրորդ փուլի ընթացքում ստացել է 62 ձայն։ Նախորդ երկու փուլերի ընթացքում նրա թեկնածությունը բավարար աջակցություն չէր ստացել։
Ընտրությունների երրորդ փուլի ընթացքում ներկա է եղել ընդամենը 67օրենսդիր, քանի որ խորհրդարանի ընդդիմադիր անդամների մեծ մասը, բողոքելով Բեջեթ Պակոլիի թեկնածության դեմ, լքել էր խորհրդարանի շենքը։
Օրենսդիրներին մտահոգում է այն հանգամանքը, որ Պակոլին գործարար կապեր ունի Կոսովոյի անկախությունը չճանաչած Ռուսաստանի հետ։
Նրա կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն, իր ընկերությունները վերակառուցել և վերակահավորել են Ռուսաստանի «Սպիտակ տուն»-ը, օպերային թատրոնը և բազմաթիվ այլ շենքեր։
Ընտրությունների արդյունքներով Կոսովոյի վարչապետի պաշտոնում է վերընտրվել Հաշիմ Թաչին՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի Խորհուրդը հրապարակել է մարդու օրգանների առևտրով զբաղվող հանցախմբի հետ Թաչիի կապերի մասին վկայություններ ներկայացնող զեկույց։