«Վաշինգտոնը դեմ է Սերբիայի այն կոչերին, որոնց համաձայն որպես 2008 թվականին Սերբիայից Կոսովոյի անջատման հարցի լուծում է առաջարկվում Կոսովոյի բաժանումն էթնիկական գծերով»:
Այս հայտարարությամբ հինգշաբթի օրը հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը` Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա կատարված իր այցի ժամանակ, որի ընթացքում հանդիպել է վարչապետ Հաշիմ Թաչիի հետ:
Սերբիան չի ընդունում հիմնականում էթնիկ ալբանացի բնակչություն ունեցող Կոսովոյի անկախությունը, որն արդեն ճանաչվել է ավելի քան 70 երկրների կողմից: Սերբիայի փոխվարչապետ Իվիցա Դաչիչը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, թե Բելգրադը կկարողանա կարգավորել այս վեճը, եթե Կոսովոյի հիմնականում սերբ բնակչություն ունեցող հյուսիսային մասը միանա Սերբիային:
Գորդոնի համաձայն, էթնիկ սերբ բնակչություն ունեցող Կոսովոյի տարածքները Սերբիայի կազմում ընդգրկելու մասին գաղափարը բալկանյան տարածաշրջանի համար «աղետի բաղադրատոմս» է լինելու:
Ֆիլիպ Գորդոնը բալկանյան իր այցը մեկնարկել է երեքշաբթի օրը Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցով, որից հետո չորեքշաբթի օրը այցելել է Սերբիա: Գորդոնի այցի վերջին նպատակակետը լինելու է Խորվաթիան:
Բոսնիայի մայրաքաղաք Սարաևո կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը հանդիպել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոքսհաջիի հետ և խոստացել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է «անկախ, բազմազգ պետություն» Կոսովոյի աջակցությունը:
ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Գորդոնը նաև կոչ է արել Սերբիային և Կոսովոյին «տեխնիկական երկխոսություն» մեկնարկել` ասելով, որ այն նվազեցնելու է իրենց միջև առկա տարաձայնությունները: