Մատչելի հղումներ

Ֆիլիպ Գորդոնը «լավ» է գնահատել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը


Ֆիլիպ Գորդոնը «լավ» է գնահատել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը
Ֆիլիպ Գորդոնը «լավ» է գնահատել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնական Ֆիլիպ Գորդոնը համաձայն չէ այն կարծիքին, որ հանդես գալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությամբ, Ռուսաստանն աստիճանաբար «իր վերահսկողության տակ» է վերցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։

Այս հայտարարությամբ Գորդոնը հանդես է եկել՝ պատասխանելով Բրատիսլավայում միջազգային անվտանգությանը նվիրված «Globsec 2011» համաժողովի մասնակիցների հարցերին։

Նա ասել է, որ Ռուսաստանն աշխարհագրորեն ավելի մոտ է գտնվում հակամարտության կողմերին, և «նրան ավելի հեշտ է հանդիպում կազմակերպել Սոչիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում կամ Աստրախանում, քան նման հանդիպում հնարավոր է կազմակերպել, օրինակ, հեռավոր Վաշինգտոնում»։

ԱՄՆ-ի արտգործնախարարի օգնականն ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները թափանցիկ են, և այն ԱՄՆ-ին և Ֆրանսիային պարբերաբար տեղեկացնում է կայացած հանդիպումների բոլոր մանրամասների մասին։

Համանախագահների միջև այս հարցում առկա է փոխվստահություն, քանի որ նրանք հանդես են գալիս ընդհանուր շահերը պաշտպանելու դիրքերից։ «Այս շահերի հիմքում ընկած է Եվրոպայում համապարփակ անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունը», - նշել է Ֆիլիպ Գորդոնը։

Խոսելով միջնորդների աշխատանքների շուրջ Բաքվի կողմից հաճախակի արտահայտվող դժգոհությունների մասին, Գորդոնը «լավ» է գնահատել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։

ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, ասել է, թե այժմ այս գործընթացը դադարեցված է։

Գորդոնը նշել է, որ Թուրքիան չի ցանկանում վավերացնել ցյուրիխյան արձանագրությունները, եթե առաջընթաց չգրանցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցություններում։ Նա սակայն շեշտել է, որ Միացյալ Նահանգները համամիտ չէ այս մոտեցմանը և կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չպետք է կապված լինի որևէ այլ խնդրի հետ։

XS
SM
MD
LG