Քարզայ. «ԱՄՆ-ը բանակցում է թալիբների հետ»

Քարզայ. «ԱՄՆ-ը բանակցում է թալիբների հետ»

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու օտարերկրյա այլ տերություններ Աֆղանստանում արդեն շուրջ տասը տարի վարվող պատերազմը կարգավորելու վերաբերյալ թալիբների հետ բանակցություններ են անցկացնում։

Քարզայի համաձայն, «բանակցությունները վարում են օտարերկրյա ուժերը՝ մասնավորապես Միացյալ Նահանգները»։

Աֆղանստանի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել շաբաթ օրը՝ Քաբուլում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում։

Աֆղանստանի նախագահի կողմից արված այս հայտարարությունը համարվում է նման բանակցություններում ԱՄՆ-ի ներգրավված լինելու մասին առաջին պաշտոնական մեկնաբանությունը։

Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունն դեռեւս չի մեկնաբանել Քարզայի հայտարարությունը։