Մատչելի հղումներ

Ռոբերտ Գեյթս. «Քարզայը նախատեսում է հեռանալ պաշտոնից»


Ռոբերտ Գեյթս. «Քարզայը նախատեսում է հեռանալ պաշտոնից»
Ռոբերտ Գեյթս. «Քարզայը նախատեսում է հեռանալ պաշտոնից»

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը նախատեսում է հեռանալ պաշտոնից՝ 2014 թվականին իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո։

Այս մասին ԱՄՆ-ի Սենատին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը գովասանքի խոսքեր է ուղղել Քարզային՝ Միացյալ Նահանգների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ պահպանելու համար։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է նաև, որ Աֆղանստանի առաջնորդը լավ է հասկանում իր երկրում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմավարությունը և երկրի վերակառուցման գործում ԱՄՆ-ի դերի նշանակությունը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռևս քննարկում է Միացյալ Նահանգների ուժերն Աֆղանստանից դուրս բերելու տարբերակները։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի զինծառայողների դուրսբերումը ծրագրված է մեկնարկել հուլիս ամսին:

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Միացյալ Նահանգները զգալի առաջխաղացում է գրանցել Աֆղանստանում, չնայած նախագահ Օբաման դեռևս չի ընդունել որոշում ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ծավալների վերաբերյալ։

ԱՄՆ-ի երկու կուսակցությունները ներկայացնող 27 օրենսդիրներից կազմված մի խումբ չորեքշաբթի օրը նամակ է հղել նախագահ Օբամային՝ հորդորելով նրան արագացնել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և այս երկրի զինուժին անվտանգության ապահովման գործառույթների փոխանցումը։

Նամակում ասված է, որ Միացյալ Նահանգները «հիմնականում իրականացրել է» «ալ-Քաիդա»-ի թաքստոցները ոչնչացնելու, Աֆղանստանը թալիբների կառավարումից ազատելու և 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումն իրականացրած անձանց որոնման գործողությունները։

XS
SM
MD
LG