Ճապոնիան բարձրացրել է միջուկային աղետի վտանգի աստիճանը

Ճապոնիան բարձրացրել է միջուկային աղետի վտանգի աստիճանը

Ճապոնիան բարձրացրել է միջուկային աղետի վտանգի աստիճանը, չնայած հրշեջները շարունակում են անցյալ շաբաթ տարերային աղետի պատճառով վնասված ատոմակայանում գտնվող վառելիքային ձողերի սառեցման աշխատանքները։

Միջուկային միջազգային սանդղակով, որի առավելագույն ցուցանիշը կազմում է յոթերորդ մակարդակը, «Ֆուկուշիմա» ատոմակայանում ճգնաժամի վտանգը բարձրացվել է մինչև հինգերորդ մակարդակը։

Հրշեջները մեծ քանակությամբ ջուր են մղում վնասված ռեակտորի շինությունների վրա, սակայն ճառագայթման բարձր մակարդակի պատճառով ստիպված են սահմանափակել այնտեղ գտնվելու ժամանակը։

Ճարտարագետները աշխատում են նաև դեպի միջուկային ռեակտորները էլեկտրական սնուցման ժամանակավոր գիծ անցկացնելու ուղղությամբ, ինչը կարող է թույլ տալ վերսկսել ատոմակայանի ջրի պոմպերի աշխատանքը։

Ճապոնիայում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, իշխանությունները նախատեսում են, որ երկրորդ և երրորդ ռեակտորների սնուցումը հնարավոր կլինի վերականգնել կիրակի օրվանից ոչ շուտ։

Ոստիկանության տվյալներով, անցյալ շաբաթ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի պատճառով զոհվածների թիվը կազմել է 6 400 մարդ։

Օտարերկրյա պետությունների կառավարությունները շարունակում են երկրից դուրս բերել իրենց քաղաքացիներին։ ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, հինգշաբթի օրն իրականացվել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին այստեղից դուրս բերած առաջին թռիչքը։