Ճապոնիայի իշխանությունները խոստովանել են, որ վնասված «Ֆուկուշիմա-1» ատոմակայանից դեպի մթնոլորտ ճառագայթման զգալի արտանետումը կանխարգելելու համար քիչ ժամանակ է մնում։ Մտահոգություն է հիմնականում առաջացնում ատոմակայանի երրորդ ռեակտորը, որտեղ օգտագործված վառելիքային ձողերը պարունակող ավազանում ջրի մակարդակի նվազումը մեծ վտանգ է ներկայացնում։
Երկրի զինված ուժերը և ոստիկանությունը փորձում են օդից և ցամաքից ջուր լցնել ճառագայթում արտանետող երկու ռեակտորների շինությունների վրա։
Ճապոնիայի պաշտպանության ուժերի երկու ուղղաթիռ հինգշաբթի օրը վերսկսել են վնասված ռեակտորների վրա ջուր լցնելու աշխատանքները, որոնք դադարեցվել էին չորեքշաբթի օրը՝ ճառագայթման չափազանց բարձր մակարդակի պատճառով։ Սակայն, հաղորդագրությունների համաձայն, ուղղաթիռներից լցվող ջրի մեծ մասը փոշիանում է քամու պատճառով։
«Ֆուկուշիմա» ատոմակայանը շահագործող «Tokyo Electric Power» ընկերությունը հայտնել է, որ ատոմակայանը սնուցող էլեկտրական գծերը վերականգնվում են՝ կայանի սառեցման համակարգը էլեկտրականությամբ հնարավորինս արագ ապահովելու և դրա աշխատանքը վերսկսելու համար։
Վարչապետ Նաոտո Կանն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մոտ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Օբաման տեղեկացրել է Ճապոնիայի վարչապետին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել լրացուցիչ փորձագետներ և օգնություն՝ երկրաշարժի և ցունամիի հետևանքները վերացնելու նպատակով։
Երկու պետությունների կառավարությունները հայտնել են, որ Տոկիոն և Վաշինգտոնը շարունակելու են սերտ համագործակցությունը, սակայն նրանց միջև տարաձայնություն կա ճգնաժամի վտանգի մակարդակը գնահատելու հարցում։
ԱՄՆ-ի պաշտոնատար որոշ անձանց համաձայն, «Ֆուկուշիմա» ատոմակայանում ստեղծված իրավիճակը շատ ավելի բարդ է, քան այդ մասին հայտնում են Ճապոնիայի իշխանությունները։
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Ճապոնիան լքել ցանկացող ԱՄՆ-ի քաղաքացիների համար Տոկիոյից չարտերային թռիչք է կազմակերպվելու։ Արտգործնախարարությունը թույլատրել է նաև Տոկիոյում, Յոկոհամայում և Նագոյայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության աշխատողների ընտանիքներին ցանկության դեպքում վերադառնալ Միացյալ Նահանգներ։
Եվրոպական որոշ երկրների իշխանություններ նույնպես կոչ են արել իրենց քաղաքացիներին հեռանալ Ճապոնիայի մայրաքաղաքից, որը գտնվում է ատոմակայանից 200 կիլոմետր հեռավորության վրա։
Միացյալ Նահանգների դեսպանությունը խորհուրդ է տվել «Ֆուկուշիմա»-ից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկացիներին լքել այդ վայրերը։ Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը էվակուացնում են ատոմակայանից մինչեւ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վայրերից։