Ճապոնիայում երկրաշարժից վնասված ատոմակայանում գրանցվել է երկրորդ պայթյունը, որտեղ մասնագետներն ապարդյուն կերպով աշխատանքներ էին տանում ռեակտորի սառեցումն ապահովելու համար: Երկրի ատոմային էներգետիկայի գործակալությունը հաստատել է Ֆուկուշիմայի ատոմակայանի երրորդ ռեակտորում տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդագրությունները:
Իսկ միջազգային փրկարարական խմբերը շարունակում են ժամանել Ճապոնիա՝ փորձելով օգնել երկրին հաղթահարել երկրաշարժի և ցունամիի հետևանքները։
Միավորված Ազգերի կազմակերպության փորձագետներն արդեն ժամանել այստեղ և օգնում են համակարգել փրկարարական աշխատանքները և օժանդակել տեղական փրկարարական խմբերին։
Մինչ այժմ օգնություն է առաջարկել գրեթե 70 երկիր։ Ճապոնիա են ժամանել որոնողական-փրկարար աշխատանքների իրականացման մեջ մասնագիտացված խմբեր:
Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Ռուսն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն տեսակի օգնություն ցուցաբերել։ ԱՄՆ-ի «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն այս երկիր ուղևորվող ամերիկյան բազմաթիվ նավերից առաջինն է, որը կիրակի օրը խարիսխ է գցել Ճապոնիայի ափերի մոտ։
Բացի այդ, ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովը փորձագետներ է ուղարկել Ճապոնիա, որոնք միջուկային երկու ռեակտորներում ստեղծված արտակարգ իրավիճակը հաղթահարելու օգնություն են ցուցաբերելու։
Մեծ Բրիտանիան պատրաստվում է ուղարկել փրկարարական խումբ և մեծ թվով վերամբարձ ծանր սարքավորումներ։ Փրկարարական խմբեր և այլ փորձագետներ են ուղարկելու նաև Ավստրալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Սինգապուրը։
Վերջին տեղեկությունների համաձայն, երկրաշաժի ու ցունամիի զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը: