Ճապոնիայում 8.9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո երկրի հյուսիս-արևելյան ափամերձ շրջանները հեղեղել է մինչև 10 մետր բարձրություն ունեցող հզոր ցունամին:
Ավելի քան 100 տարվա ընթացքում Ճապոնիայում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժի պատճառով զոհվել է հազարից ավելի մարդ, հազարավոր այլոք անհետ կորել են: Ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ, հիմնովին կործանվել որոշ բնակավայրեր:
Երկրի իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Հեռուստաելույթում, դիմելով երկրի բնակիչներին, Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն ասել է, որ կառավարությունն անելու է ամեն ինչ` տարերային աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է օգնություն ցուցաբերել Ճապոնիայի ժողովրդին: ԱՄՆ-ի զինված ուժերը տրամադրել են Յոկոտա օդային ռազմահենակետն այլ օդանավակայանների կողմից չընդունված քաղաքացիական թռիչքները սպասարկելու համար:
Հզոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի արևելյան ափից 125 կիլոմետր հեռավորության, երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա:
Հավայան կղզիներում գտնվող «Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոն»-ի համաձայն, ցունամիի նախազգուշացում է արձակվել Ռուսաստանի, Ֆիլիպինների, Թայվանի և Ինդոնեզիայի համար: Բազմաթիվ տարածաշրջաններում իշխանությունները, զգուշանալով ցունամիից, էվակուացրել են առափնյա տարածքների բնակիչներին:
Հզոր երկրաշարժն ու ցունամին Ճապոնիայում հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել