Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ «Ֆուկուշիմա» ատոմակայանի մոտակայքում վերցված առափնյա ջրի նմուշներում հայտնաբերվել է ռադիոակտիվ յոդի պարունակություն, որն առնվազն 80 անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը:
Իշխանությունները հայտնել են սակայն, որ ճառագայթման այս մակարդակը եւս վտանգ չի ներկայացնում առողջության համար, նույնիսկ եթե ռադիոակտիվ նյութերով վարակված սնունդը սպառվի մեկ տարվա ընթացքում:
Փորձագետների համաձայն, մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով տուժած շրջաններում ձկնորսության ոլորտը մեծ վնասներ է կրել, և աղտոտված ծովամթերքի սպառման հավանականությունը ցածր է:
«Ֆուկուշիմա» ատոմակայանը շահագործող ընկերության համաձայն, երեքշաբթի օրն ավարտվել են ատոմակայանի բոլոր վեց ռեակտորները հոսանքի գծերին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա արագացնել վառելիքային ձողերը սառեցնող համակարգի վերականգնման գործընթացը:
«Tokyo Electric Power» ընկերության համաձայն, էլեկտրական սնուցումը վերականգնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել էլեկտրական սարքավորումները:
«Ֆուկուշիմա» ատոմակայանի երկու ռեակտորների շինություններից երեքշաբթի օրը շարունակվում էր ծխի և գազի արտանետումը, սակայն, իշխանությունների համաձայն, այն լուրջ վտանգ չի ներկայացնում, և հրշեջ ջոկատները վերսկսել են դեպի վնասված ռեակտորները ջուր մղելու աշխատանքները:
Ճապոնիայի միջուկային և արտադրական անվտանգության գործակալության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ատոմակայանում ռեակտորների վառելիքային ձողերի հալման վտանգ այլևս չկա:
Տարերային աղետի պատճառով զոհվածների թիվը հասել է 22 հազարի, իսկ տուժած տարածքներում 300 հազար մարդ ապրում է ժամանակավոր կացարաններում:
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, Ճապոնիայում տեղի ունեցած աղետը 235 միլիարդ դոլարի վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: