Մատչելի հղումներ

Ճապոնիայում չի հաջողվում դադարեցնել ճառագայթման արտահոսքը


Ճապոնիայի միջուկային անվտանգության մարմնի համաձայն, ռեակտորից դեպի Խաղաղ Օվկիանոս ջուրը կարող է թափանցել «Ֆուկուշիմա» ատոմակայանի եզրում գտնվող սպասարկման փոսում առաջացած 20-սանտիմետրանոց ճեղքից, որը դեռևս չի հաջողվում զմռսել։

«Tokyo Electric Power» ընկերությունը կատարել է ճեղքը բետոնով զմռսելու ապարդյուն փորձ։ Ընկերության ներկայացուցիչները կիրակի օրը հայտնել են, որ արտահոսքը դադարեցնելու նոր փորձերի ընթացքում օգտագործվելու է ջրակլանող պոլիմեր։

Միավորված Ազգերի կազմակերպության միջուկային գործակալությունը զգուշացրել է, որ ճառագայթավտանգ մասնիկները տարածվել են ատոմակայանի շուրջ ստեղծված անվտանգության 30-կիլոմետրանոց գոտու սահմաններից դուրս։ Այս գոտուց էվակուացված մարդիկ դեռևս «բավականին երկար ժամանակ» չեն կարողանալու վերադառնալ իրենց տները։

Կառավարության խոսնակ Յուկիո Էդանոն հաստատել է հաղորդագրություններն այն մասին, որ ատոմակայանի շուրջ ստորգետնյա ջրերում ճառագայթման մակարդակը մի քանի անգամ բարձր է թույլատրվածից, և որ ճառագայթում է հայտնաբերվել նաև մսամթերքից վերցված նմուշներում։

XS
SM
MD
LG