Ճապոնիայում վերսկսվել են «Ֆուկուշիմա» վնասված ատոմակայանից ռադիոակտիվ ջուրը օվկիանոսը լցնելու աշխատանքները։
Ատոմակայանի երկրորդ ռեակտորի մոտակայքից վերցված ծովի ջրի նմուշներում հայտնաբերված ռադիոակտիվ յոդի պարունակության մակարդակը շաբաթ օրը յոթ միլիոն անգամ գերազանցել է թույլատրելին, իսկ երկուշաբթի օրը չափված մակարդակը գերազանցել է թույլատրելին հինգ միլիոն անգամ։ Երկու չափումները կատարվել են օվկիանոսը ռադիոակտիվ ջրի թափման աշխատանքները սկսելուց առաջ։
Չափազանց բարձր մակարդակի աղտոտվածությունը, փորձագետների համաձայն, օվկիանոս է լցվում երկրորդ ռեակտորի մոտակայքում գտնվող սպասարկման փոսում առաջացած ճեղքից, որը, չնայած այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, դեռևս չի հաջողվում փակել։
Ատոմակայանի ռեակտորների հիմքում հավաքված ճառագայթման չափազանց բարձր մակարդակներ պարունակող ջուրը խոչընդոտում է ատոմակայանի սառեցման համակարգի աշխատանքների իրականացումը։ Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ աղտոտված ջրի որոշ քանակություն հեռացնելու համար դիմել են Ռուսաստանին՝ ճառագայթված ջուր մշակելու համար նախատեսված հատուկ նավ ուղարկելու խնդրանքով։
ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Ֆուկուշիմա» ատոմակայանում առաջացած ճգնաժամը ամբողջ աշխարհում մտահոգություն է առաջացրել միջուկային էներգետիկայի անվտանգության վերաբերյալ։ Նրա համաձայն, այս ոլորտի հանդեպ վստահության վերականգնումը հնարավոր է միայն չափորոշիչներին հետևելու և թափանցիկություն ապահովելու միջոցով։
Վնասված ատոմակայանի նախագծմանը մասնակցած «General Electric» ընկերության գործադիր տնօրեն Ջեֆրի Իմելթի համաձայն, իր և իր գործընկեր «Hitachi» ընկերության ավելի քան 1 000 ճարտարագետ մասնակցում են միջուկային աղետի վերացմանն ուղղված աշխատանքներին։
Ատոմակայանում ծավալված ճգնաժամը շեղում է ուշադրությունը Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած տարերային աղետից տուժածների ցուցաբերվող օգնության հսկայական ծավալի աշխատանքներից։ Տարերային աղետի արդյունքում անհայտ կորած կամ մահացած է համարվում ավելի քան 27 500 մարդ, ժամանակավոր կացարաններում դեռևս բնակվում է մոտ 160 000 մարդ։