«Tokyo Electric» ընկերությունը ծրագրում է օվկիանոսը թափել «Ֆուկուշիմա» ատոմակայանի տարածքում հավաքված հազարավոր տոննա ճառագայթված ջուրը, որի աղտոտման մակարդակը 100 անգամ գերազանցում է Ճապոնիայում ճառագայթման թույլատրելի առավելագույն մակարդակը։ Ատոմակայանի տարածքում աղտոտված ջրի մեծ քանակների առկայությունը խոչընդոտում է անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, և այդ պատճառով ընկերությունը նախատեսում է հեռացնել՝ այն թափելով օվկիանոս։
Ընկերությունն օվկիանոս արդեն իսկ թափել է մոտ 11 500 տոննա աղտոտված ջուր։ Ճապոնիայի կառավարության համաձայն, ջրի հեռացումն առողջությանը լուրջ վտանգ չի ներկայացնում։
«Tokyo Electric» ընկերությունը շարունակում է ջանքեր գործադրել աղտոտվածության թույլատրելի մակարդակն ավելի քան 1 000 անգամ գերազանցող ջրի արտանետումը կանխելու համար, սակայն դեռևս չի հաջողվում գտնել արտահոսքի աղբյուրը։
Կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի կառավարությունը նախատեսում է ընդլայնել բանջարեղենի վաճառքի սահմանափակումները։
Նրա համաձայն, դադարեցվելու է Տոկիոյին արևելքից սահմանակից՝ «Ֆուկուշիմա» ատոմակայանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չիբա պրեֆեկտուրայում աճեցված բանջարեղենի վաճառքը, քանի որ դրանում հայտնաբերված ճառագայթման մակարդակները գերազանցել են թույլատրելի մակարդակը։