Ըստ էության, համընդհանուր մտահոգության և դատապարտման է արժանացել Իսրայելի հայտարարությունը, ըստ որի՝ այլևս չի համագործակցելու Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) հետ: Իսրայելի խորհրդարանը անցած շաբաթ քվեարկեց հօգուտ այդ գերատեսչության հետ կապերի խզման: Նշվածի ֆոնին՝ Վաշինգտոնում ու ՄԱԿ-ում պաշտոնյաները և Գազայում բնակիչները ահազանգում՝ շրջանում տիրող հումանիտար աղետալի իրավիճակի մասին:
Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների համար Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը (UNRWA) փրկության, թերևս, միակ միջոցն է մեկ տարուց ավելի շարունակվող հակամարտության պայմաններում:
Your browser doesn’t support HTML5
Երկուշաբթի Իսրայելը տեղեկացրեց ՄԱԿ-ին, որ խզում է կապերը գործակալության հետ, և գալիք 90 օրվա ընթացքում կառույցը պետք է դադարեցնի իր գործունեությունը Իսրայելում:
Հրեական պետությունը մեղադրում է գործակալության որոշ աշխատակիցներին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված «Համասի» արյունալի գրոհին մասնակցելու մեջ, որին հետևեցին արդեն ավելի քան մեկ տարի շարունակվող ռազմական գործողությունները Գազայում։
UNRWA-ի պաշտոնյաները, սակայն, նշում են՝ Իսրայելը բավարար ապացույցներ չի ներկայացրել նման պնդումների համար:
Իսրայելի կառավարության խոսնակ Դևիդ Մենսերը երկուշաբթի պաշտպանեց իր երկրի խորհրդարանի որոշումը:
«Իսրայել պետությունը շարունակելու է համագործակցել հումանիտար կազմակերպությունների հետ, բայց ոչ այն կազմակերպությունների, որոնք խթանում են ահաբեկչությունը մեր դեմ»,- հայտարարել է Մենսերը:
Ինչևէ, իսրայելական իշխանությունների նման քայլը համընդհանուր դատապարտման է արժանացել, ներառյալ՝ ԱՄՆ պետքարտուղարության կողմից:
«Լուրջ մտահոգություններ կան այն կյանքի կոչելու հետևանքների հետ կապված։ Նաև մեր մտահոգությունն ենք հայտնել Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ անգամ մինչև Իսրայելի կողմից այս որոշման ընդունումը»,- նշում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
ՄԱԿ-ի նշված գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին կոշտ է արձագանքել Իսրայելի այդ քայլին՝ այն որակելով «աղետ»: Գազայի հատվածում UNRWA-ն է մարդասիրական օգնության հիմնական մատակարարը:
«UNRWA-ի գործունեության ավարտը գալիք երեք ամսում կնշանակի, որ Գազայում ավելի շատ մարդիկ կմահանան: Ոչ մի կասկած չկա»,- ասել է Լազարինին:
Պաղեստինի պաշտոնյաները երկուշաբթի հայտարարեցին, թե նման քայլը «կհանգեցնի աներևակայելի չափերի հումանիտար ճգնաժամի»:
«Սա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, խախտում է Իսրայելի պարտավորությունները միջազգային իրավունքի ներքո և ստեղծում վտանգավոր նախադեպ»,- իր հերթին ընդգծել է Պաղեստինյան ինքնավարության արտգործնախարարության ներկայացուցիչ Վարսեն Շահինը:
Դիտորդները, սակայն, այլ կարծիքին են՝ UNRWA-ի գործունեության դադարեցումը չի նշանակում պաղեստինցիներին ցուցաբերվող օգնության դադարեցում:
«Ինչպես հայտարարել է Իսրայելի կառավարությունը, նրանց նպատակն է ամրապնդել այլ միջազգային կազմակերպությունների կարողությունները, նրանց նախաձեռնությունները, մասնավոր սեկտորը՝ տարբեր լուծումներ առաջարկելով, որոնք, ի վերջո, կարող են փոխարինել UNRWA-ին»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Նիմրոդ Գորենը:
Տեղափոխվենք Գազա, ուր ապաստարաններում ծվարած բնակիչները պատմում են շրջանում տիրող անմարդկային վիճակի մասին:
«Ոչ մի անցակետ չի գործում։ Սնունդ չկա: Ամեն ինչ թանկ է, չափազանց թանկ՝ առևտրականների և անցակետերի [անգործության] պատճառով: Երկրում ոչինչ չկա: Ի վիճակի չենք գնել ոչինչ՝ ո՛չ շաքար, ո՛չ բանջարեղեն, ո՛չ որևէ այլ բան: Գները անհավանական բարձր են: Ի վիճակի չենք գնել կյանքի համար անհրաժեշտ իրեր»,- ասում է Գազայի բնակիչ Մոհամմադ Լոլոն:
Նորություն չէ, որ այս զարգացումներն ամերիկյան ընտրությունների ֆոնին են, և անկասկած է, որ դրանք մեծապես որոշելու են, թե ինչ քաղաքականություն է վարելու Վաշինգտոնը Մերձավոր Աևելքում: ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ նախորդ շրջանում հատուկ ուշադրություն էին դարձնում, օրինակ, տատանվող նահագներից մեկում՝ Միչիգանում բնակվող արաբական ծագմամբ ամերիկացիներին՝ խոստանալով վերջ դնել մերձավորարևելյան հակամարտությանը:
Բայց Գազայում վիճակը շարունակում է մնալ ծանր:
Անիտա Փաուել