Մատչելի հղումներ

 
Իսրայելի ու «Համասի» միջև մեկ տարի առաջ սկիզբ առած ռազմական գործողություններին դեռ վերջ չկա

Իսրայելի ու «Համասի» միջև մեկ տարի առաջ սկիզբ առած ռազմական գործողություններին դեռ վերջ չկա


Իսրայել-Պաղեստին-Լիբանան պատերազ
Իսրայել-Պաղեստին-Լիբանան պատերազ

Այս հոկտեմբերի 7-ին լրացավ Իսրայելի դեմ «Համասի» ձեռնարկած գրոհի առաջին տարին։ Վերահաստատելով իր աջակցությունն Իսրայելին՝ Միացյալ Նահանգները, միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական զոհերի կապակցությամբ:

Մինչ իսրայելական ռազմուժը շարունակում է իր օդային և ցամաքային գրոհները Գազայի հատվածում՝ «Համասի» թիրախների դեմ, հրեական պետությունում մարդիկ հիշատակում են անցած տարվա հոկտեմբերի 7-ի զոհերին։ Մեկ տարի առաջ Իսրայելի դեմ պաղեստինյան խմբավորման ձեռնարկած արյունալի գրոհի հետևանքով սպանվեց մոտ 1,200 մարդ, պատանդառվեց շուրջ 250-ը, որոնցից մոտ 100-ը դեռ Գազայում են։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը Սպիտակ տանը մոմ են վառել՝ ի հիշատակ հոկտեմբերի 7-ի զոհերի։

Փոխնախագահ Քամալա Հարիսը և նրա ամուսին Դագ Էմհոֆը հիշատակել են հոկտեմբերի 7-ի արյունահեղությունը՝ պաշտոնական նստավայրի տարածքում ծառ տնկելով:

Իսրայելի ու «Համասի» միջև մեկ տարի առաջ սկիզբ առած ռազմական գործողություններին դեռ վերջ չկա
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

«Պետք է վերադարձնենք Գազայում պահվող պատանդներին իրենց ընտանիքներ։ Երբե՛ք չեմ դադարի պայքարել բոլոր պատանդների, այդ թվում՝ մահացած և ողջ ամերիկացի քաղաքացիների ազատության համար»,- ասել է Հարիսը։

Սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենտալը երկուշաբթի հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

«Այն Հոլոքոստից ի վեր հրեա ժողովրդի դեմ ամենասարսափելի հարձակումն էր: Բայց ի տարբերություն Հոլոքոստի, մենք հակադարձում ենք, և առյուծների պես ենք պայքարում՝ ամերիկյան կառավարության աջակցությամբ»,- նշել է Նեթանյահուն։

«Համասի» ներքո գործող Գազայի առողջապահական ծառայության տվյալներով՝ պաղեստինյան տարածքում իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով արդեն իսկ զոհվել է մոտ 42 հազար հոգի, վիրավորվել ավելի քան 97 հազարը։

ԱՄՆ պետքարտուղարսության խոսնակ Մեթյու Միլլերը երկուշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երկու կողմերի քաղաքացիական կորուստներին։

«Միացյալ Նահանգները սգում է յուրաքանչյուր անմեղ մարդու մահը, ով զոհվել է հոկտեմբերի 7-ին և դրանից հետո, և մենք վճռական ենք՝ շարունակել աշխատել կրակի դադարեցման համաձայնագրի ուղղությամբ, որը տուն կբերի պատանդներին, կթեթևացնի Իսրայելի և Պաղեստինի ժողովրդի տառապանքը և վերջ կդնի այս պատերազմին»,- ասել է Միլլերը։

Իսրայելը, սակայն, ընդլայնել է իր զինուժի գործողությունները՝ հարվածելով Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:

Իրանի աջակցությունը վայելող շիական այդ խմբավորումը ակտիվացրել է Իսրայելի դեմ ուղղված իր հարձակումները:

Դիտորդների խոսքով՝ տեսանելի հեռանկարում անիմաստ է խոսել խաղաղությունից։

«Քանի դեռ բոլոր պատանդները ազատ չեն արձակվել, դժվար է պատկերացնել, որ Իսրայելի այս կառավարությունը կամ, անկեղծ ասած, իսրայելական որևէ կառավարություն կհամաձայնի կրակի դադարեցմանը»,- ասում է քաղաքագետ Ռաֆայել Քոհենը:

«Համասի» ձեռքին պատանդների հարազատները նույնպես հիշատակի արարողություն էին կազմակերպել հոկտեմբերի 7-ը: Թել Ավիվում տեղի ունեցած միջոցառմանը նրանք կրկնել են իրենց պահանջը՝ Իսրայելի կառավարությունը պետք է բանակցի պատանդների ազատ արձակելու շուրջ, սակայն դիտորդները թերահավատ են, որ Նեթանյահուի կառավարությունը կգնա նման քայլի մոտ ապագայում:

XS
SM
MD
LG