Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր 1200 մարդ, այդ թվում՝ 46 ամերիկացի: 250 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ 12 քաղաքացիներ, պատանդ են վերցվել։
Հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունը վերակենդանացրել է հրեա ժողովրդի դեմ հազարամյակների ատելության ու բռնության ցավալի հիշողությունը, հայտարարել է Ջո Բայդենը։
«Այդ պատճառով,- շարունակել է նախագահը,- հարձակումից անմիջապես հետո ես դարձա առաջին ամերիկացի նախագահը, ով այցելեց Իսրայել պատերազմի ժամանակ: Այնուհետև ես հասկացրեցի Իսրայելի ժողովրդին, որ նրանք մենակ չեն։ Մեկ տարի անց փոխնախագահ Հարրիսը և ես լիովին հավատարիմ ենք մնում հրեա ժողովրդի անվտանգության, և Իսրայելի անվտանգության և նրա գոյության իրավունքին: Մենք պաշտպանում ենք Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու Հեզբոլլահի, Համասի, հութիների և Իրանի հարձակումներից»:
Նախագահը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ իր ցուցումով ԱՄՆ զինվորականները կրկին ակտիվորեն նպաստել են Իսրայելի հաջող պաշտպանությանը՝ օգնելով հետ մղել Իրանի զանգվածային հրթիռային հարձակումը։
Բայդենն ընդգծել է, որ իր վարչակազմը կշարունակի ձգտել ազատ արձակել պատանդներին՝ հիշեցնելով, որ ավելի քան 100 պատանդ արդեն ազատ է արձակվել։
«Մենք բոլորս պետք է համախմբվենք ընդդեմ հակասեմիտիզմի և ատելության՝ դրա բոլոր ձևերով», - նշել է նախագահը։
Բայդենը հոկտեմբերի 7-ը որակել է որպես «սև օր պաղեստինյան ժողովրդի համար»:
«Այս տարի հակամարտության ընթացքում շատ խաղաղ բնակիչներ են տուժել, և տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել», - ասել է Բայդենը: «Մենք չենք դադարի աշխատել Գազայում հրադադարի հասնելու համար, որը տուն նվերադարձնի պատանդներին, կավելացնի մարդասիրական օգնությունը՝ տառապանքը թեթևացնելու, Իսրայելի անվտանգությունն ապահովելու և այս պատերազմին վերջ տալու համար»:
Նախագահը նաև իր համոզմունքն է հայտնել, որ Իսրայելի և Լիբանանի սահմանին խնդրի դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է։
Նույն օրը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կոչ է արել միջազգային հանրությանը «կրկնապատկել հանձնառությունը՝ հրադադարի հասնելու համար, որը կվերադարձնի պատանդներին, կթեթևացնի պաղեստինցիների տառապանքը, կերաշխավորի Իսրայելի անվտանգությունը և ճանապարհ կհարթի դեպի կայուն խաղաղություն»: