1981 թվականին ԱՄՆ այլևս նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերը մայրաքաղաք Վաշինգտոնից վերադարձավ Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաք։ Այդ տարի ամերիկացիների մեծամասնությունը որոշել էր իր ձայնը տալ հանրապետական Ռոնալդ Ռեյգանին:
«Պաշտոնավարման ժամանակ քաղաքական առումով ձախողված գործիչ էր, բայց ունեցավ լուրջ հաջողություններ [քաղաքականությունից դուրս]»,- ասում է պատմաբան Ջոնաթան Ալթերը։
Ալթերը ընդգծում է Քարթերի հատկապես մարդասիրական գործոնեությունը՝ իր հիմնած կենտրոնի՝ Քարթերի կենտրոնի միջոցով, որը զբաղվում է աշխարհում «խաղաղության հաստատմամբ և հիվանդությունների դեմ պայքարով»:
«Նա հիանալի աշխատանք է կատարել՝ [իր հիմնած կենտրոնի միջոցով] մշտադիտարկելով ընտրություններն ավելի քան 100 երկրներում: Սակայն նախկին նախագահները չունեն այնքան իշխանություն, որքան գործողները, և նրա ձեռքբերումները անտեսվել են»,- նշում է Ալթերը։
Հայտնի է, որ Իրանում ամերիկացի պատանդների հետ կապված ճգնաժամը, 1970-ականների գնաճն ու Վաշինգտոնի դեմ արաբական երկրների կիրառած նավթային էմբարգոյի հետևանքները ստվերեցին Քարթերի նախագահությունը:
Այդուհանդերձ, Ալթերը, ով հեղինակել է «Ջիմի Քարթեր. իրականում՝ լավագույնը» կենսագրական վեպը, պնդում է՝ դեմոկրատ գործչի չորս տարիները Սպիտակ տանը լի էին հաջողություններով։
«Խոսքը ոչ միայն Քեմփ Դեյվիդի համաձայնագրի, Չինաստանի հետ հարաբերությունների հաստատման, այլև շրջակա միջավայրի և բազմաթիվ այլ հարցերին վերաբերող օրենսդրական նախաձեռբությունների մասին է»,- ընդգծում է պատմաբանը:
Քարթերը 1980 թվականին ստորագրեց Ալյասկայի հողերի պահպանության ակտը, որի ներքո հայտնվեց ավելի քան 40.5 միլիոն հեկտար տարածք:
Ջոնաթան Ալթերը նշում է՝ այն համարվում է երբևէ ընդունված ու շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող ամենակարևոր օրենսդրական ակտերից մեկը:
«Կարծում եմ, կհիշենք նախագահ Քարթերին որպես նախագահ, ով ծառայել է չափազանց դժվարին ժամանակաշրջանում և ստիպված էր գործ ունենալ իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետ»,- իր հերթին ասում է Էմորիի համալսարանի՝ պատմության գծով պրոֆեսոր Ջո Կրեսպինոն։
Ըստ պրոֆեսորի՝ Քարթերը սովորություն ուներ հանդիպել ուսանողների հետ՝ քննարկելու այն որոշումները, որոնք կայացրել է իր նախագահության ընթացքում:
«Ոչ մի նախագահի չեր հաջողվել մարդու իրավունքների պաշտպանության հարցը դնել ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնում։ Այն կարևոր պահ էր Սառը պատերազմի ժամանակ՝ ուժերի հավասարակշռությունը փոխելու գործում»,- ասում է Կրեսպինոն:
Ջո Կրեսպինոն նշում է՝ ԱՄՆ ներքին կյանքում Քարթերի ձեռքբերումներից է դաշնային կառավարության բարեփոխումը:
«Հաճախ ենք ազատ շուկայական տնտեսությանը միտված բարեփոխումները կապում Ռոնալդ Ռեյգանի հետ, բայց, իրականում, Ջիմի Քարթերը Ռեյգանից առաջ արդեն ակտիվորեն աշխատում էր տնտեսությունում կառավարության դերը նվազեցնելու ուղղությամբ»,- ասում է Կրեսպինոն:
Քարթերի գլխավորած վարչակազմի անդամները, մասնավորապես՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Էնդրյու Յանգը, ասում են, թե ուրախ են, որ Ջիմի Քարթերը երկար ապրեց և կարողացավ ականատես լինել իր թողած ժառանգությանը տրված դրական գնահատականներին:
«Աշխարհում չկա մի տեղ, որտեղ մարդիկ նրա մասին լավ բան չունենան ասելու՝ անկախ նրանից նա հաջողակ էր համարվում, թե ոչ»,- ասում է Յանգը:
Ինչևէ, Քարթերի կենտրոնը շարունակում է իր աշխատանքը ողջ աշխարհում՝ պայքարելով բազմաթիվ հիվանդությունների դեմ, հատկապես՝ աֆրիկյան երկրներում: