Մատչելի հղումներ

Իսրայելը հարձակումների նոր շարք է սկսել հարավային Բեյրութի վրա


Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն ուրբաթ գիշեր կրկին ենթարկվել է Իսրայելի օդային հարձակումներին։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել է, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, ինչը Բեյրութի հարավային արվարձանների վրա տեղի ունեցած ամենահզոր հարձակումներից մեկն է»։

Իսրայելը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ կոչ է արել տարհանել
Բեյրութի օդանավակայանի մոտ գտնվող Դահիյա շրջանի բնակիչներին։

Դահիյա շրջանը համարվում է շիա իրանամետ « Հեզբոլլահ» խմբավորման հենակետը Բեյրութում և իսրայելական ավիահարվածների մշտական թիրախն է:

Ըստ լրատվամիջոցների՝ ուրբաթ գիշեր Բեյրութի հարվածների թիրախը Հաշեմ Սաֆի ադ-Դինն էր՝ « Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի զարմիկը և հնարավոր իրավահաջորդը: Հասան Նասրալլան սպանվել էր սեպտեմբերի 27-ի իսրայելական հարձակման ժամանակ։

Ըստ Axios պորտալի, Բեյրութի վրա Իսրայելի գիշերային հարվածի թիրախը Սաֆի ադ Դինն է եղել՝ հիշեցնելով, որ 2017 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը նրան ավելացրել էր «հատուկ պատժամիջոցների ենթարկված համաշխարհային ահաբեկիչների» ցանկում։

The New York Times-ը, վկայակոչելով իսրայելական աղբյուրները, նշել է, որ Սաֆի ալ-Դինը հոկտեմբերի 4-ի գիշերը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող ստորգետնյա բունկերում մասնակցել է շարժման ղեկավարության հանդիպմանը։ Հենց այս բունկերն էլ, ըստ հրապարակման, եղել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻԶՈՒ) հարվածի թիրախը։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Հաշեմ Սաֆի ադ-Դինը վիրավորվել է հարձակման հետևանքով։

Հինգշաբթի ուշ երեկոյան AFP-ի աղբյուրը նաև հայտնել է, որ իսրայելական հերթական հարվածը թիրախ է դարձրել Բեյրութի օդանավակայանի մոտ գտնվող պահեստը: Պարզ չէ, թե կոնկրետ ինչ է եղել պահեստում, նշել է գործակալությունը։

Նախօրեին իսրայելական ինքնաթիռները հարձակվել էին խմբավորման հետախուզական շտաբի վրա։ Հարձակման ենթարկված օբյեկտը «Հեզբոլլահի» հիմնական տարրն է, որի միջոցով հետախուզություն է իրականացվել Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի մասին, նշված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«Հեզբոլլահը» Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում։ Եվրամիությունը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել Հեզբոլլահի ռազմական թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը, որն իր պատգամավորներն ունի Լիբանանի խորհրդարանում։ Իսրայելի հարձակումներից մեկի ժամանակ սպանվել է խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան։

«Հեզբոլլահը» հրթիռներ է արձակել Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից տեղի ունեցած հարձակման հաջորդ օրը: ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում: Այդ ժամանակից ի վեր գրեթե ամեն օր սահմանին հրետակոծություններ են տեղի ունենում։ Երկու կողմից սահմանամերձ շրջաններից տարհանվել են տասնյակ հազարավոր բնակիչներ։

Իսրայելը սեպտեմբերի 23-ին սկսել է «Հյուսիսի նետեր» կոչվող գործողությունը Հեզբոլլահի դեմ: Նշվում է, որ նպատակը ահաբեկչական կազմակերպության ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումն է և տարհանված իսրայելցիներին երկրի հյուսիսում գտնվող իրենց տները վերադարձնելու համար պայմանների ապահովումը։

XS
SM
MD
LG