Մատչելի հղումներ

Բայդենն ու Հարիսը այցելել են փոթորկից տուժած ԱՄՆ նահանգներ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը չորեքշաբթի այցելել են «Հելեն» փոթորկի հետևանքով տուժած ԱՄՆ նահանգներ, որտեղ ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ զոհերի թիվը աճում է:

«Հելեն» փոթորիկը վնասներ է հասցրել ԱՄՆ հարավ-արևելյան՝ Ջորջիա, Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգներին:

Նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսն այցելել են տուժած շրջաններ՝ կանգ առնելով Հարավային և Հյուսիսային Կարոլինայում, Հարիսը՝ նաև Ջորջիայում: Բայդենը հայտարարել է, թե կարգադրել է մոտ հազար զինծառայող գործուղել տուժած շրջաններ՝ վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար։

«Այս պահին մի կողմ ենք դրել քաղաքականությունը։ Այստեղ չկան դեմոկրատներ կամ հանրապետականներ, կան միայն ամերիկացիներ: Մեր գործն է՝ օգնել որքան հնարավոր է շատ մարդկանց, որքան կարող ենք արագ կերպով և որքան հնարավոր է մանրակրկիտ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ջորջիայում Հարիսն այցելել է շտապ օգնության կենտրոն՝ շնորհակալություն հայտնելով աշխատողներին:

«Այստեղ եմ՝ ձեզ շնորհակալություն հայտնելու: Գիտեմ, որ դժվար օրեր են ձեզ համար: Գիտեմ, որ մարդիկ նայում են ձեր աչքերին, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ լավ է լինելու: Վստահ եք և մարդկանց վստահություն եք ներշնչում, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց մասին և աշխատում են շուրջօրյա, որպեսզի իրենք լավ լինեն»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:

Տեղի բնակիչների և աջակցություն ցուցաբերող խմբերի ներկայացմամբ՝ իրավիճակը ծանր է: Ջորջիա նահանգի Քուք շրջանի բնակիչները լուրջ վնասներ են կրել:

«Փոթորիկն ուղղակի ցնցեց մեր համայնքը: Շատ մարդիկ զրկվել են հոսանքից։ Մարդիկ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք ունեն»,- ասում է բազամթիվ տուժածներից մեկը՝ Թրավա Գիրը:

Էրին Դերհամը և Մեթ Վան Սվոլը ապրում են Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքի արվարձանում՝ իրենց երեք երեխաների հետ

«Մենք ուղղակի պատրաստ չէինք։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը լիովին պատկերացնում էր վնասի չափերը: Ոչ ոք, իրոք, չէր պատրաստվել»,- ասում է Մեթ Վան Սվոլը:

Նախագահ Ջո Բայդենի հավաստիացրել է՝ ԱՄՆ կառավարությունը բնակիչների կողքին է լինելու։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ փոթորկի պատճառած վնասը կարող է հասնել միլիարդավոր դոլարների, ինչը նշանակում է, որ վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի:

XS
SM
MD
LG