Մատչելի հղումներ

Ի՞նչ քաղաքականություն են վարելու Չինաստանի հարցում ԱՄՆ նախագահի դեմոկրատ ու հանրապետական թենածուները


ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը
ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը

ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ հիմնականում չի փոխվել նախագահներ Թրամփի ու Բայդենի վարչակազմերի օրոք։ Երկուսն էլ Պեկինը դիտարկում էին որպես Վաշինգտոնի գլխավոր մրցակից: Սակայն դիտորդները նկատել են՝ Չինաստանի հարցում Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում են

Հայտնի են ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների տարաձայնությունները տարբեր թեմաների շուրջ, սակայն Հարիսն ու Թրամփը համաձայն են մեկ հարցում՝ Չինաստանի սպառնալիք է:

«Կարծում եմ՝ Չինաստանից բխող սպառնալիքը շատ ավելի լուրջ է, քան այն, ինչին մենք բախվել ենք Սառը պատերազմի ժամանակ՝ Խորհրդային Միության պարագայում»,- ասում է Թրամփի վարչակազմի օրոք Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ ԱՄՆ-ն պետք է Չինաստանի հետ գործ բռնի ուժի դիրքերից:

«Խոսքը միայն ռազմական ուժի մասին չէ, այլ տնտեսական, դիվանագիտական, փափուկ և մշակութային ուժի: Ահա, թե ինչն է վախեցնում մեր հակառակորդներին»,- նշում է Օ'Բրայենը:

Հարիսն ու Թրամփը համակարծիք են մեկ հարցում՝ Չինաստանը սպառնալիք է
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

Թե՛ Թրամփի, թե՛ Բայդենի վարչակազմերը բարձր մաքսատուրքեր են սահմանել, որպեսզի կարողանան դիմագրավել չինական էժան ապրանքներին, որոնք խնդիրներ են ստեղծում ամերիկյան ընկերությունների համար:

«Չինաստանը պատրաստվում է խլել ձեր բիզնեսները, որովհետև նրանք ունեն հումք, իսկ մենք՝ ոչ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը:

Թրամփն առաջարկում է մինչև 60% մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների նկատմամբ:

Հարիսը ևս խոսում է Չինաստանի ստեղծած խնդիրների մասին:

«Ես կերաշխավորեմ, որ մե՛նք առաջնորդենք աշխարհը դեպի ապագա՝ տիեզերքում և արհեստական բանականության ոլորտում: Ամերիկա՛ն, այլ ոչ թե Չինաստանը պետք է հաղթի այս մրցակցությունում»,- ասել է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը:

Տեխասի համալսարանի ներկայացուցիչ Ջերեմի Սուրին անդրադարձել է Հարիսի մոտեցմանը․ «Նա կողմ է առևտրային որոշակի սահմանափակումների, որոնց օգտին էր հանդես գալիս Բայդենի վարչակազմը, սակայն նա չի համարվում [բարձր] մաքսատուրքերի կիրառման ընդգծված կողմնակից»:

Դիտորդները նշում են՝ այս հարցում Թրամփն ավելի ակտիվ է:

«Հավանաբար իմ առաջին զանգը կլինի նախագահ Սիին [Ծինփինին], և ես կասեմ նրան՝ դուք պետք է հարգեք համաձայնությամբ ստանձնած ձեր պարտավորությունները: Մենք համաձայնության եկանք, որ դուք պետք է գնեք 50 միլիարդ դոլարի ամերիկյան գյուղատնտեսական արտադրանք։ Երաշխավորում եմ, որ նա կգնի այն»,- ընդգծել է Թրամփը:

Օ'Բրայենը շարունակում է՝ արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր է ստեղծել դաշինքներ համախոհ երկրների հետ:

«Կար ժամանակ, երբ Ամերիկան կարող էր միայնակ կրել այդ ծանր բեռը, սակայն այսօր մենք այլևս չենք կարող այդ անել միայնակ»,- ասում է Օ'Բրայենը:

Դիտորդները նշում են` Թրամփը հեռացել է հանրապետականների ավանդական արտաքին քաղաքականությունից, ուր կարևոր է դիտվում դաշինքների դերակատարությունը:

«Թրամփը ենթագիտակցաբար մեծ հետաքրքրություն չունի դաշինքների նկատմամբ: Նրան ավելի շատ հետաքրքրում է՝ «սա մեզ ի՞նչ օգուտ է տալիս» մոտեցումը»,- ասում է Հյուսթոնի համալսարանի ներկայացուցիչ Ռիչարդ Մյուրեյը:

Թայվանից ներգաղթած, ԱՄՆ-ում պրոֆեսորի աստիճանի հասած Սթիվեն Փեյը ներկայացնում է իր մոտեցումը, թե ամերիկյան ներքաղաքական լարված պայքարի պայմաններում, որի ժամանակ հաճախ են բարձրացվում Չինաստանի հետ մրցակցության և ԱՄՆ առջև ծառացած անվտանգության հարցերը, որոշ ամերիկացիներ մտահոգ են, թե իրական տուժողները կարող են լինել ասիական ծագմամբ ամերիկացիները և ԱՄՆ-ում բնակվող չինացիները։

«Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ն սպառնալիքի առջև է, Չինաստանի ներկայացրած սպառնալիքի առջև, և այն ողջ [ամերիկյան] հասարակությունը ուշադրության կենտրոնում է: Ինձ էլ են պիտակավորելու, քանի որ մարդիկ չեն կարող ասել՝ Թայվանի՞ց եմ, Չինաստանի՞ց, թե՞ Կորեայից»,- ասում է Փեյը:

Չինաստանին ուղղված Թրամփի կոշտ հայտարարություններից հետո, ասիական ծագմամբ որոշ ամերիկացիներ անհանգստացած են, որ եթե ընտրվի հանրապետական թեկնածուն, ապա ԱՄՆ-ում կաճեն հակաչինական տրամադրությունները։ Թեև ոմանք էլ վստահ են՝ լինելով բիզնեսմեն՝ Թրամփը կարող է այնպիսի գործարքի գնալ Չինաստանի հետ, որը Ամերիկայում շահավետ կլինի բոլորին:

XS
SM
MD
LG