Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքը հայտնի է որպես ԱՄՆ արաբական մայրաքաղաք:
Արաբական մեծամասնություն ունեցող այդ քաղաքում ապրում են արաբական ծագմամբ գրեթե 400 հազար ամերիկացիներ, որոնցից շատերը դժգոհ են Գազայի հարցում ԱՄՆ քաղաքականությունից:
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի Աբդալլահ Դոլեհն ասում է․ «Գոհ չեմ այն ամենից, ինչ տեղի է ունենում, և հույս չունեմ, որ շուտով ինչ-որ բան կփոխվի: Նույնիսկ եթե Քամալա Հարիսը մտնի խաղի մեջ, չեմ կարծում, որ նա ի վիճակի կլինի մեծ փոփոխություններ բերել»:
Քամալա Հարիսի նախընտարական թիմը ողջ Դիրբորնը պատել է գովազդներով, որոնք ցույց են տալիս նրա համակրանքը Գազայի բնակիչների նկատմամբ:
Այլ մարտավարություն են որդեգրել հանրապետականների հետ կապեր ունեցող քաղաքական խմբերը, որոնք արշավ են սկսել՝ մատնացույց անելով Հարիսի աջակցությունն Իսրայելին և նրա ամուսնու հուդայադավան լինելը:
Այս ամենի ֆոնին՝ երբ Հարիսն անցած շաբաթ այցելեց Միչիգան, «Պարտավորություն չունեցող ազգային շարժում» քաղաքական խումբը հայտարարեց, թե չի սատարելու նրան։
Խմբի խոսնակ Լեյլա Էլաբեդն ասում է․ «Ես պաղեստինյան ծագմամբ ամերիկացի եմ և ողջ կյանքիս ընթացքում դեմոկրատ եմ եղել: Կցանկանայի լինել առաջին սևամորթ կին նախագահ ընտրողների շարքում, բայց փոխնախագահ Հարիսն ինձ ցույց չի տվել, որ նա կպաշտպանի մարդկանց, որոնց մասին հոգ եմ տանում»:
Մերձավորարևելյան հարցում Քամալա Հարիսի դիրքորոշումը հայտնի է՝ հայտարարել է, թե սատարում է և՛ Իսրայելի անվտանգության ապահովմանը, և՛ Պաղեստինի իրավունքների պաշտպանությանը:
«Նախագահ Բայդենը և ես աշխատում ենք վերջ տալ այս պատերազմին, որպեսզի Իսրայելն ապահով լինի, պատանդներն ազատ արձակվեն, Գազայում ավարտվեն տառապանքները, և պաղեստինցի ժողովուրդը կարողանա իրացնել արժանապատվության, անվտանգության, ազատության և ինքնորոշման իր իրավունքը»,- ասել է Հարիսը:
Պաղեստինամետ խումբը նաև դեմ է Դոնալդ Թրամփին՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն ավելի շատ է աջակցում Իսրայելին:
«Երբ վերադառնամ Օվալաձև գրասենյակ, կաջակցեմ ահաբեկչության դեմ պատերազմում հաղթելու Իսրայելի իրավունքի [իրացմանը]: Նրանք պատերազմում հաղթելու իրավունք պետք է ունենան»,- ասել է Թրամթը։
Մեկ այլ պաղեստինամետ խմբավորում հայտարարել, թե աշխատում է հասնելու Հարիսի պարտության՝ անգամ Թրամփի հաղթանակի գնով։
Ընտրություններում, այսպես կոչված, տատանվող նահանգի համբավ ունեցող Միչիգան նահանգում Հարիսի ու Թրամփի վարկանիշները այժմ մոտավորապես հավասար են: Բայդենը հաղթել է Թրամփին Միչիգանում 2020 թվականին ընդամենը 154 հազար ձայնի տարբերությամբ։ 2016 թվականին Թրամփն էր հաղթել Հիլարի Քլինթոնին 11 հազար ձայնի առավելությամբ։
Ինչևէ, դիտորդների խոսքով՝ Գազայում շարունակվող հակամարտության պատճառով ձայների հնարավոր կորուստը չի նշանակում, թե Հարիսը հաստատապես պարտվելու է Միչիգանում, քանի որ տեղի ազդեցիկ՝ Միացյալ ավտոմոբիլային աշխատողների արհմիությունը իր աջակցությունն է հայտնել դեմոկրատ գործչին: