ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին հանրահավաքն է անցկացրել բացօթյա միջավայրում՝ իր դեմ երկրորդ մահափորձից հետո։ Առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ տեղի ունեցածի համար Թրամփն ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին, թե նրանց հռետորաբանությունն իր դեմ ատելություն է սերմանում։
Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությաբ ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու Հարիսը նշել է, թե խորապես անհանգստացած է Թրամփի դեմ երկրորդ՝ հնարավոր մահափորձից, նաև հավելել, որ դատապարտում է քաղաքական բռնությունը։
Զուգահեռաբար՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ընդունեց Միացյալ Նահանգների գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովման համար պատասխանատու Գաղտնի ծառայության ֆինանսավորումը ավելացնելու մասին օրինագիծ, որին իրենց աջակցությունը հայտեցին երկու կուսացությւոնների օրենսդիրները:
Վերջերս այդ ծառայությունը խոստովանեց իր ձախողումը, երբ Թրամփի դեմ մահափորձ իրականացվեց Փենսիլվանիայում, որի ժամանակ գնդակը դիպչել էր նրա ականջին:
Այժմ, ձևավորվել է երկկուսակցական աշխատանքային խումբ՝ քննելու երկու մահափորձերը և քաղաքական բռնության աճի պատճառները:
«Մեզ հետ ինչ-որ բան է կատարվում: Սա մեծ ազդեցություն է ունեցել մեր մշակույթի վրա: Երկու կողմերն էլ երբեմն կոշտ բաներ են ասում: Երբեմն հետ ես նայում ու տեսնում, որ դա նկատի չունեիր, սակայն ասվածը սխալ է ընկալվում ու ընդունվում: Պետք է զգույշ լինել, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում»,- նշում է հանրապետական կոնգրեսական Մայք Քելին:
«Մեծ տարբերություն կա քաղաքական [բուռն պայքարի] ընթացքում կոշտ բանավեճերի, ինչը պետք է անենք, և քաղաքական բռնության, ամերիկյան հասարակության մեջ այն բացառելու միջև՝ անկախ նրանից՝ հանրապետակա՞ն եք, թե՞ դեմոկրատ: Որևէ մեկը երբևէ չպետք է դիմի բռնարարքի»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Ջեյսոն Քրոուն:
Զուգահեռաբար՝ մեծ աղմուկ է բարձրացրել Թրամփի պնդումը, թե Օհայո նահանգի Սփրինգֆիլդ բնակավայրում Հայիթիից ներգաղթյալներն առևանգում և ուտում են ընտանի կենդանիներին՝ կատուներին ու շներին:
Հերքմամբ հանդես եկան Օհայոյի նահանգապետն ու Սփրինգֆիլդի քաղաքապետը։ Ընդ որում, երկուսն էլ հանրապետական են:
Թրամփի հնչեցրածը, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ հայիթցիների շրջանում:
«Քանի որ մենք Հայիթիից ենք, ապա նման խոսույթը լրատվամիջոցներում մեզ մտահոգում է։ Պարզապես ավելի լավ կյանք ենք փնտրում այստեղ»,- ասում է Հայիթիից եկած Բապտիստը։
Հայիթցի մեկ այլ ներգաղթյալ, ով չցանկացավ ներկայանալ, պատմեց իրեն ուղղված սպառնալիքների մասին:
«Մի տղա շրջվեց ու վիրավորական խոսքով դիմելով ինձ՝ որպես հայիթցու, դանակ դեմ տվեց»,- ասաց հայիթցի ներգաղթյալը:
Չնայած բուռն հռետորաբանությունը մեղմելու նախորդ օրերին հնչած կոչերին, ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ շարունակում են կոշտ քննադատել միմյանց:
«Եթե Քամալա Հարիսը ընտրվի, նա կսպանի ամերիկյան երազանքը: Նա իրավասու չէ նախագահ լինել: Չեմ ցանկանում կոպիտ լինել: Նա իրավասու չէ նախագահ լինել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։
«Նահանգապետի պաշտոնում առաջադրվում են հանրապետական այնպիսի գործիչներ, որոնք հպարտությամբ են իրենց նացիստներ անվանել: Եկեք չձևացնենք, թե նրանք տարբերվում են այստեղ առաջադրված մարդկանցից»,- նշել է ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Ուոլցը:
Նշենք, որ այս նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ԱՄՆ որոշ նահանգներում արդեն իսկ մեկնարկել են վաղաժամ քվեարկությունները։