Չինաստանում պատրաստված հեծանիվների այս 6 դոլարանոց զանգը կարող է արժենալ 9,6 դոլար…, եթե ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի առաջարկած լրացուցիչ մաքսատուրքերը իրականություն դառնան։
«Մենք մաքսատուրքեր ենք սահմանում այլ երկրների համար։ Այդ երկրները, վերջապես, 75 տարի անց, կփոխհատուցեն մեզ այն ամենի դիմաց, ինչ մենք արել ենք աշխարհի համար։ Իսկ սակագինը որոշ դեպքերում էական կլինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
Այլ կերպ ասած, Թրամփը առաջարկում է չինական արտադրության ապրանքների նկատմամբ սահմանել մինչև 60%-ոց մաքսատուրք, իսկ մյուս երկրների պարագայում՝ մինչև 20%-ոց մաքսատուրք: Ե՛վ Թրամփը, և՛ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն հայտարարում են, որ ցանկանում են աշխատատեղերը վերադարձնել ԱՄՆ:
«Չինաստանի նկատմամբ քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթի 21-րդ դարի մրցակցությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը:
Հատկանշական է, որ Բայդենի վարչակազմը պահպանեց ներմուծված ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի մեծ մասը, որոնք սահմանվել էին Թրամփի նախագահության ժամանակ։ Այս մայիսին Բայդենը հայտարարեց չինական ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին, որոնց արդյունքում ամերիկյան պետբյուջե կմտնի հավելյալ մոտ 18 միլիարդ դոլար, և, օրինակ, չինական էլեկտրական մեքենաների նկատմամբ սահմանվեց 100%-ոց մաքսատուրք:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացմամբ՝ իրենց առաջարկած մաքսատուրքերն ունեն ռազմավարական նշանակություն և ուղղված են կոնկրետ ոլորտների, այնինչ Թրամփի առաջարկը վերաբերում է գրեթե ամեն ինչին, և միջին խավի յուրաքանչյուր ամերիկացու ընտանեկան բյուջեին տարեկան կարժենա լրացուցիչ մոտ 4 հազար դոլար։ Այլ գնահատականներով՝ այդ թիվը կկազմի շուրջ 2 հազար դոլար։
Դոնալդ Թրամփը հակադարձում է՝ հանրապետականների առաջարկը չի ազդի սպառողների վրա։
«Չնաստանի ապրանքները թանկ կլինեն և այն երկրների, որոնք տարիներ շարունակ պոկել-տարել են մեզնից»,- ասել է Թրամփը:
Բայց չինական արտահանողները չեն վճարում ներմուծման մաքսատուրքեը՝ նշում է մատակարարման ցանցի մասնագետ Քրիստոֆեր Թանգը:
«Ընտրությունների տարիներին բոլորը խոստանում են երկնքից լուսին իջեցնել։ Բայց իրականությունն այն է, որ ներմուծման մաքսատուրքերը վճարում են ամերիկյան ընկերությունները,[որոնք ներմուծում են այդ ապրանքը]»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուիցիչ Քրիստոֆեր Թանգը:
Օրինակ, եթե Costco ընկերությունը ներմուծում է չինական արտադրության հեռուստացույց, հենց Costco-ն է վճարում է ներմուծման համար նախատեսված մաքսատուրքը:
«Երբ ընկերությունները բախվում են ներմուծման բարձր մաքսատուրքերի, երկու բան կարող են անել։ Կա՛մ բարձր մաքսատուրքի պատճառով բարձր գին սահմանել սպառողների համար, կա՛մ ճնշում բանեցենել չինական գործարանների նկատմամբ, որպեսզի իրենց արտադրանքի գներն իջեցնեն»,- ասել է Թանգը։
Նա շարունակում է՝ չինական ընկերությունների կողմից գների իջեցումը կարող է հանգեցնել արտադրանքի որակի անկմանը:
Թանգը վստահ է՝ ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը կարող է պարզապես նշանակել, որ «Արտադրված է Չինաստանում» պիտակներով ապրանքներ ավելի քիչ կհայտնվեն ամերիկյան խանութներում, սակայն այն չի նշանակի, թե արտահանումները Չինաստանից կպակասեն։ Դրանք պարզապես կկրեն այլ երկրների պիտակներ։
«Չինաստանն, իրականում, շատ բաղադրիչներ, մասեր է առաքում Վիետնամ, Հնդկաստան՝ դրանցից վերջնական ապրանք ստանալու համար: Եվ այդ վերջնական արտադրանքը [ներմուծվում է] նաև ԱՄՆ: Այսպիսով, նրանք, իրականում, ավելի շատ են արտահանում, բայց ուղղակիորեն չեն արտահանում ԱՄՆ»,- ասել է Թանգը:
Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայն՝ բարձր մաքսատուրքերը կարող են մեծապես հարվածել ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին, ինչը նշանակում է, որ 9,6 դոլարանոց հեծանիվների զանգը և կենցաղային այլ ապրանքներ կարող են պարզապես անհասանելի լինել որոշ սպառողների համար…, եթե չինական ապրանքների նկատմամբ սահմանվի 60%-ոց մաքսատուրք: