Մատչելի հղումներ

Վրաստանի խորհրդարանն արգելել է «ԼԳԲՏ+ քարոզչությունը» երկրում


ԼԳԲՏ դրոշն ու Վրաստանի դրոշը
ԼԳԲՏ դրոշն ու Վրաստանի դրոշը

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել «ԼԳԲՏ քարոզչությունը» երկրում արգելող օրինագծին։ Այս մասին հայտնում են Publika-ն և տեղական տելեգրամյան ալիքները։

«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերին կողմ է քվեարկել 84 պատգամավոր: Ընդդիմությունը բոյկոտում է հեռացող խորհրդարանի աշխատանքները և ներկա չի եղել քվերակությանը։

Օրինագծերի համաձայն՝ Վրաստանում արգելվում է ԼԳԲՏ անձանց ամուսնանալ և երեխաներ որդեգրել, տրանսգենդերային վիրահատություններ կատարել, փոխել գենդերային նշանը փաստաթղթերում, ինչպես նաև խոսել ԼԳԲՏ+ մարդկանց մասին դպրոցներում և լրատվամիջոցներում։ Պատգամավորները նաև արգելել են այդ թեմաներով հավաքույթները, ներառյալ Արժանապատվության երթերն ու փառատոները, որոնք վերջին տարիներին հոմոֆոբ հարձակումների թիրախ են դարձել:

Օրինագծերը սուր քննադատության են ենթարկվել Եվրամիության կողմից, որին անդամակցության թեկնածու է Վրաստանը։ Միջազգային կազմակերպությունները նույնպես մտահոգված են, որ օրինագծերն իրենց ներկայիս տեսքով կնպաստեն երկրում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականությանը:

Ակնկալվում է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի օրինագծերի վրա, սակայն իշխող «Վրացական երազանքն» ունի բավարար ձայներ խորհրդարանում՝ այն շրջանցելու համար: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Դատելով հարցումներից՝ «Վրացական երազանք»-ը կրկին առաջատար է։

XS
SM
MD
LG