Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելու վրացական իշխանությունների ծրագրերով՝ այս մասին X հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Խորապես մտահոգված ենք, քանի որ Վրաստանի խորհրդարանում ներկայացված օրինագիծը կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց և կվնասի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներիններին, որոնք բարելավում են Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանն առաջ մղել Եվրամիությանն ուղղված իր ձգտումները»,- գրել է Միլլերը:
Հիշեցնենք, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այս շաբաթ կրկին խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Անցած տարվա մարտին ձեռնարկված առաջին փորձն անհաջող էր, և վիճահարույց փաստաթղթի հեղինակները ստիպված էին հետ կանչել այն։
Նորություն չէ, որ վրացական իշխող ուժի օրենսդրական այդ նախաձեռնությունը նման է Ռուսաստանում գործող օրենքին, որի շնորհիվ Կրեմլը ճնշում է ցանկացած այլախոհություն։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ օրինագիծը երկրի խորհրդարանի դատին վերստին ներկայացնելը անվանել է «սաբոտաժ», որը կարող է վերջ դնել Եվրամիությանն անդամակցելու Թբիլիսիի երազանքին։
«Այն, ինչ Վրաստանի կառավարությունը անվանում է «օտարերկրյա գործակալներ», բազմաթիվ դեպքերում ոչ կառավարական կազմակերպություններ են, որոնք դրական ու կարևոր աշխատանք են կատարում և կախված են Վրաստանից դուրս գտնվող ֆոնդերից: Որպեսզի պարզ լինի, այդ միջոցները, հիմնականում ԱՄՆ-ից ու Եվրոպայից են: Վրաստանի նախագահը նկատի ուներ այն, որ փորձելով ընդունել մի օրինագիծ, որը նման է ռուսականին, Վրաստանի կառավարությունն ազդանշան է ուղարկում, թե ավելի շատ շահագրգռված է երջանկացնել Կրեմլի ղեկավարին, քան մերձենալ Եվրոպային»,- ասում է քաղաքագետ Լինքոլն Միտչելը։
Ե՛վ փորձագետները, և՛ արևմտյան լրատվամիջոցները, որոնք անդրադարձել են թեմային, «Օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրինագիծն անվանում են ռուսաստանյան կրկնօրինակ, ուր նկատելի է Կրեմլի ձեռագիրը։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն «աբսուրդ» է անվանել ենթադրությունը, թե օրինագծի հետևում Մոսկվան է։
«Իհարկե, Վրաստանը մեր հարևանն է, և մեր շահերից է բխում, որ Վրաստանում իրավիճակը կայուն և կանխատեսելի լինի։ Բայց ընդդիմության կողմից բավականին սուր արձագանք ենք նկատում։ Հավանաբար, պետք է նրանց ավելի ակտիվ բացատրել, որ անհեթեթ է սա անվանել «ռուսական նախագիծ»։ Փաստն այն է, որ օտարերկրյա գործակալների դեմ պայքարի այս համակարգն առաջինը ստեղծել է ԱՄՆ-ն, և հիմա գրեթե բոլոր երկրները պայքարում են օտար պետությունների գործակալների, արտերկրից դրամ ստացողների կամ օտարերկրյա պետությունների ազդեցության տակ գտնվողների դեմ։ Սա, ըստ էության, համաշխարհային գործելաոճ է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
13 ամիս առաջ Վրաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ հաստատվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, ըստ որի արտերկրից 20%-ից ավելի ֆինանսավորում ստացողներն ընդգրկվելու էին Վրաստանում առկա օտարերկրյա գործակալների ցուցակում։ Սակայն այն հանգեցրեց բողոքի բազմահազար ցույցերի՝ նախևառաջ մայրաքաղաք Թբիլիսիում։
Միտչելն ասում է․ «Վրաստանում ընտրություններին մնացել է մոտ 6 ամիս, ուստի այդ լույսի ներքո պետք է նայել այս ամենին։ Ի՞նչ կարող է սա նշանակել։ Երբեք «Վրացական երազանքին» խորհուրդ չէի տա նման օրենք ընդունել։ Սա միայն կակտիվացնի ընդդիմությանը ընտրություններից առաջ։ Սա քաղաքական հիմարություն է։ Չենք կարող բացառել, որ Մոսկվան դերակատարություն է ունեցել դրանում։ Ինչ-որ մեկը Մոսկվայում ինչ-որ կապերի միջոցով՝ ներկայիս վարչապետին, նախորդ վարչապետին կամ Բիձինային ասել է, եթե ցանկանում եք մնալ իշխանության, պետք է ընդունեք այդ օրենքը։ Ռազմավարական մտածողություն ունեցող քաղաքական գործիչը ոչ մի դեպքում չէր կարող նման բան անել, եթե չլիներ արտաքին ճնշում»։
ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի տվյալներով, Վրաստանի քաղաքացիների 79%-ը աջակցում է եվրաինտեգրմանը և երկրի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի, «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է մնալ ամենահայտնին երկրում, թեև որոշակիորեն կորցրել է դիրքերը 2020 թվականի հետ համեմատ։
«Վրացական երազանքը» անցած ամիս նաև ներկայացրեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծ։