Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի քվեարկելու է օրինագծի շուրջ, որը նախատեսում է պարտադիր ծախսերի մասին օրենսդրության ընդունում և խստացում ընտրությունների ժամանակ քվեարկության կանոններում:
Ծախսային ցանկացած օրինագիծ նույնպես պետք է աջակցություն ստանա Սենատում, որտեղ վերին պալատի դեմոկրատները դիմադրում են հանրապետականների ջանքերին՝ օրենքով ամրագրելու ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողներից ԱՄՆ քաղաքացիությունն ապացուցող փաստաթղթեր պահանջելու դրույթը:
Կոնգրեսը պետք է ընդունի ծախսերի մասին օրենսդրությունը մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը՝ հոկտեմբերի 1-ը, որպեսզի խուսափի կառավարական գերատեսչությունների ժամանակավոր փակումից նոյեմբերի 5-ի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ:
Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ ընտրակեղծիքների մասին վիճահարույց պնդումներից ոգեշնչված՝ հանրապետականներն ասում են, որ օրինագիծն անհրաժեշտ քայլ է՝ երկրում անօրինական բնակվող մարդկանց քվեարկությունինց հեռու պահելու համար: Դեմոկրատներն իրենց հերթին պնդում են, որ դա ուղղված է ընտրողների մասնակցության նվազեցմանը:
2017թ.-ի ուսումնասիրությունը բացահայտեց ավելի քան 25 միլիոն քվեաթերթիկներից ոչ քաղաքացիների կողմից քվեարկության 30 հնարավոր դեպք:
Անհասկանալի է, թե արդյոք հանրապետականները կկարողանան բավարար աջակցություն ապահովել օրինագիծը Ներկայացուցիչների պալատում ընդունելու համար: Նրանց ունեցած մեծամասնությունը մեծ չէ։ Սակայն նրանցից ոմանք հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու վերոնշյալ նախաձեռնությանը։
Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը երեքշաբթի ասաց, որ եթե Կոնգրեսը թույլ տա, որ կառավարությունը փակվի ընտրություններից կարճ ժամանակ առաջ, ապա դրա մեջ կմեղադրեն Հանրապետական կուսակցությանը:
«Ես կողմ եմ կառավարության փակումից խուսափելուն», - ասաց նա լրագրողներին: