Մատչելի հղումներ

Նոր սրացում Մերձավոր Արևելքում. Իրանը շուրջ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ


Իսրայելի ոստիկանությունը և բնակչությունը պատսպարվել են, երբ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի ոստիկանությունը և բնակչությունը պատսպարվել են, երբ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելական բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Ամբողջ Իսրայելի տարածքում հնչում էին տագնապի ազդանշաններ 

Ավելի վաղ ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա զգուշացրել էր, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի դեմ:

Պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, նախազգուշացրել է «ծանր հետևանքների» մասին, եթե Իրանի կողմից նման հարձակում տեղի ունենա, և ասել, որ ԱՄՆ-ն «ակտիվորեն աջակցում է» Իսրայելին պաշտպանելու հարցում:

Համացանցում տեղադրված ծանուցման մեջ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը «հորդորել է ԱՄՆ կառավարության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին ապաստանել իրենց տեղերում մինչև հետագա ծանուցումը»։

Զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի ցամաքային զորքերը ներխուժել են Լեբանան՝ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահի» զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար, ինչը տարածաշրջանում հակամարտության վերջին ընդլայնումն է:

Զինվորականներն իրենց սահմանային գործողությունները որակեցին որպես «սահմանափակ, տեղայնացված, նպատակային գործողություններ» և ասացին, որ կշարունակեն պայքարել վերջնական նպատակներին հասնելու համար, որոնք ներառում են «անվտանգության վերականգնումը հյուսիսային Իսրայելում»:

Անցած շաբաթ իսրայելական հարվածներից հետո սպանվել են «Հեզբոլլահի» մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ Իրանի կողմից աջակցվող խմբավորման բարձրագույն ղեկավար Հասան Նասրալլահին: Նասրալլայի և «Հեզբոլլահի» այլ առաջնորդներից բացի Իսրայելի հարվածներից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալին։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը՝ UNIFIL-ը, երեքշաբթի ասաց, որ Իսրայելը ծանուցել է Լիբանան ցամաքային ներխուժում իրականացնելու իր մտադրության մասին, և որ UNIFIL-ի խաղաղապահները մնում են իրենց դիրքերում:

«Ցանկացած անցում դեպի Լիբանան խախտում է Լիբանանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - ասված է UNIFIL-ի հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում բոլոր դերակատարներին հետ կանգնել նման էսկալացիոն գործողություններից, որոնք միայն կհանգեցնեն ավելի մեծ բռնության և ավելի շատ արյունահեղության»:

Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշերտն ասել է, որ իրադրությունը «դուրս է գալիս վտանգավոր շրջանակ»:

«Բռնության այս ցիկլը լավ ավարտ չի ունենա ոչ մեկի համար: Դիվանագիտական հաջողության հասնելու համար դեռևս առկա է մի փոքր հնարավորություն: Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք այն կօգտագործվի, թե բաց կթողնվի»,- ասված է Հենիս-Պլաշերտի հայտարարության մեջ:

Մոտ մեկ տարի սահմանի վրա տեղի ունեցած հարձակումները ստիպեցին երկու կողմերի հազարավոր մարդկանց լքել իրենց տները: «Հեզբոլլահը» երեքշաբթի հայտնել է, որ հրթիռներ է օգտագործել Թել Ավիվի մերձակայքն ու սահմանի երկայնքով գտնվող իսրայելական ռազմական դիրքերը թիրախավորելու համար:

Իսրայելի օդային և ցամաքային հարձակումների պատճառով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Լիբանանի ներսում տեղահանվել է առնվազն 350 հազար մարդ, և այդ թիվը կարող է աճել:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին երեքշաբթի ասել է, որ երկիրը կանգնած է «իր պատմության ամենավտանգավոր փուլերից մեկի առջև»:

Արաբական Միացյալ Էմիրությունները երեքշաբթի անհանգստություն հայտնեց «այս վտանգավոր իրավիճակի հետևանքների և տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցության մասին»՝ միաժամանակ հայտարարելով 100 միլիոն դոլարի օգնության մասին:

«ԱՄԷ-ն վերահաստատել է իր անսասան դիրքորոշումը Լիբանանի միասնության, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ընդգծելով այդ դժվարին ժամանակաշրջանում Լիբանանի ժողովրդին ուղղված իր երկրի հաստատակամ աջակցությունը», - ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Երկուշաբթի ուշ երեկոյան Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու Իրանից, «Հեզբոլլահից», Գազայում տեղակայված «Համասից», Եմենում գտնվող հութիներից և Իրանի կողմից աջակցվող այլ խմբավորումներից:

Պենտագոնը հայտնել է, որ Օսթինը և Գալանտը «համաձայնել են սահմանի երկայնքով գրոհային ենթակառուցվածքների ապամոնտաժման անհրաժեշտության շուրջ»։

«Պաշտպանության քարտուղարը վերահաստատեց, որ դիվանագիտական բանաձեւ է պահանջվում՝ ապահովելու, որ խաղաղ բնակիչները կարող են անվտանգ վերադառնալ իրենց տները սահմանի երկու կողմերում: Նա և նախարար Գալլանտը քննարկեցին ռազմական գործողություններից դիվանագիտական երկխոսությանն անցնելու կարևորությունը՝ հնարավորինս շուտ անվտանգություն և կայունություն ապահովելու համար», - ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

Երկուշաբթի ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել էր զինադադարի հաստատաման կարևորությունը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի ասել էր, որ Միացյալ Նահանգները «կշարունակի աշխատել մեր գործընկերների հետ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում՝ առաջ մղելու դիվանագիտական բանաձևը, որն իրական անվտանգություն կապահովի Իսրայելին, Լիբանանին և թույլ կտա քաղաքացիներին սահմանի երկու կողմերից վերադառնալ իրենց տները»։

Միևնույն ժամանակ, «Հեզբոլլահի» ղեկավարի տեղակալ Նաիմ Քասեմը երկուշաբթի հեռուստատեսային ուղերձում ասել է, որ «Հեզբոլլահի» ուժերը «պատրաստ են, եթե Իսրայելը որոշի մուտք գործել երկիր ցամաքային ճանապարհով»: Նա հավելել է, որ դիմադրության ուժերը պատրաստ են ցանկացած ցամաքային առճակատման։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել և 6000-ը վիրավորվել։ Այս թիվը չի տարանջատում զինյալներին և խաղաղ բնակիչներին:

XS
SM
MD
LG