Բեյրութի արվարձանները տակավին ծխի մեջ են՝ ուրբաթ Իսրայելի հրթիռային հարվածներից հետո:
Իսրայելական բանակը հայտարարել էր, թե ոչնչացրել է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Հեզբոլլահի» առաջնորդին:
Խմբավորումը շաբաթ օրը հաստատել էր Հասան Նասրալլայի մահը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նասրալլահին կոչել է մարդ, ով ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը:
«Նասրալլան հերթական ահաբեկիչը չէր: Նա առանցքային ահաբեկիչ էր, առանցքի առանցքն էր։ Իրանի չարի առանցքի կենտրոնական շարժիչը: Նա և նրա մարդիկ Իսրայելը ոչնչացնելու ծրագրի ճարտարապետներն էին»,- ասել է Նեթանյահուն:
Այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» հաստատեց Հասան Նասրալլայի մահվան մասին տեղեկությունը, Իրանում սուգ է հայտարարվել, սև դրոշ է բարձրացվել Մաշհադ քաղաքում գտվող Իմամ Ռեզայի դամբարանի վրա:
Վերադառնանք Լիբանան։ Հարյուրավոր ընտանիքներ անօթևան են մնացել Բեյրութում: Լիբանանի կառավարության համաձայն՝ երկրում տեղահանվածների թիվն այլևս մոտենում է մեկ միլիոնի:
Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել են մի շարք տեսանյութեր, ըստ որոնց՝ հարվածներ են հասցվում միայն «Լիբանանում առկա «Հեզբոլլահի» թիրախներին»:
Իսրայելական ուժերը հորդորում են Լիբանանի հատկապես հարավային՝ Իսրայելին սահմանակից շրջանների բնակիչներին՝ հեռանալ հարվածների գոտուց:
Հրեական պետության գործողությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Լիբանանի ղեկավարը։
«Ցավոք, ջունգլիների օրենքը, որը գործում է աշխարհում, թույլատրում է Իսրայելին ի չիք դարձնել կրակի դադարեցման բոլոր ջանքերը և շարունակել իր պատերազմը Լիբանանի դեմ, քանի որ այն թքած ունի միջազգային իրավունքի վրա»,- ասել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին:
Իրավիճակի սրվելը Լիբանանում արձագանք է գտել տարածաշրջանի երկրներում։ Իրաքի մայրաքաղաքում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել Նասրալլայի սպանության առնչությամբ՝ փորձելով ներխուժել Բաղդադի կենտրոնական փակ թաղամաս՝ «կանաչ գոտի», որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին կիրակի ABC-ին փոխանցել է. «Շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին՝ տեսնելու, թե ինչպես են արձագանքում «Հեզբոլլահը» կամ Իրանը, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում գործող զինված խմբավորումները: Պետք է պատրաստ լինենք որոշակի արձագանքի: Պետք է համոզված լինենք, որ պատրաստ ենք, և հավաստիացնում եմ, որ պատրաստ ենք: Հավատում ենք, որ տարածաշրջանում ունենք անհրաժեշտ ուժերը»:
Լիբանանի առողջապահության նախարարությա համաձայն՝ նախորդ երկու շաբաթվա ընթացքում ավելի քան հազար լիբանանցի է զոհվել և վեց հազարը վիրավորվել՝ Իսրայելի գործողությունների հետևանքով: