Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը կարողացել է երեքշաբթի խոցել հրեական պետության դեմ արձակված իրանական հրթիռների մեծ մասը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Թեհրանը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել ի պատասխան «Հեզբոլլահի» ղեկավարների սպանության:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ իսրայելական հարվածի հետևանքով սպանվել էր «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան։ Ավելի վաղ Թեհրանում սպանվել էր «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեն, որի պարագայում Իսրայելը հրապարակավ չի ստանձնել պատասխանատվությունը։
Իսրայելական բանակի խոսնակ Դենիել Հագարիի ներկայացմամբ՝ Լիբանանում ցամաքային գործողությունները, որոնք ուղղված են «Հեզբոլլահի» դեմ, ունեն սահմանափակ բնույթ։
«Մեր զինվորները մուտք են գործել «Հեզբոլլահի» ստորգետնյա ենթակառուցվածք։ Բացահայտել են «Հեզբոլլահի» թաքնված զենքերի պահեստները, առգրավել կամ ոչնչացրել այն։ Խոսքը այդ թվում առաջադեմ իրանական արտադրության զենքերի մասին է: Ընդհանուր առմամբ, Իսրայելի պաշտպանության բանակը այս գործողությունների ընթացքում հայտանբերել ու ոչնչացրել է «Հեզբոլլահի» ավելի քան 700 օբյեկտներ։ Դեռ շատ աշխատանք կա անելու»,- ասել է Հագարին:
Հայտնի է, որ «Հեզբոլլահը» պատասխանել է՝ հրիթռակոծելով Իսրայելի հյուսիսային և կենտրոնական հատվածները:
Իսրայելական ուժերը նախազգուշացրել են հարավային Լիբանանի բնակիչներին լքել իրենց տները՝ սեփական անվտանգության համար:
«Մեր պատերազմը Լիբանանի ժողովրդի դեմ չէ: Այն «Հեզբոլլահի» դեմ է: Սա հստակ ուղերձ է միջազգային հանրությանը»,- ընդգծել է Դենիել Հագարին:
Իսրայելցի դիտորդների խոսքով՝ Երուսաղեմը ծանր հարված է հասցրել իրանական աջակցությունը վայելող «Հեզբոլլահին»՝ կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլայի ու մի քանի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների սպանությամբ:
«Օպերատիվ հաջողությունների ծավալը, որ Իսրայելը, բարեբախտաբար, կարողացել է գրանցել, հսկայական է, և կարծում եմ, որ սա ցույց է տալիս ոչ միայն այն հնարավորությունները, այլև այն լրջությունը, որով Իսրայելը պատրաստվում էր Լիբանան ներխուժելուն: Անշուշտ, սա հարված էր, անակնկալ նրանց, իրանցիների և շատ ուրիշների համար»,- ասում է Իսրայելի վարչապետի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Էյալ Հուլաթան:
Սակայն հնչում են նաև զգուշացումներ, թե «Հեզբոլլահը» շարունակում է մնալ կարող ուժ:
«Ամենամեծ խնդիրը ոչ միայն սպառազինությունն է, այլև այն կարողությունները, որոնք «Հեզբոլլահը» կառուցել է հարևանությամբ՝ Իսրայելի հետ հյուսիսային սահմանի երկայնքով»,- ասում է «Հեզբոլլահի» գծով փորձագետ Միրի Էյսինը:
Իսրայելը պնդում է՝ մտադիր չէ երկարաժամկետ ներկայություն հաստատել Լիբանանում։ Իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ իրենց նպատակն է հարազատ տները վերադարձնել այն 63 հազար իսրայելցիներին, որոնք ստիպված էին մոտ մեկ տարի առաջ լքել իրենց տները՝ չմտահոգվելով «Հեզբոլլահի» հնարավոր գրոհներից: