Պաղեստինցի Ֆախրի Աբու Դիաբը ծնվել է 62 տարի առաջ Արևելյան Երուսաղեմի Սիլվան շրջանում գտնվող այս տանը՝ Բուստան կամ «Այգի» կոչվող թաղամասում:
Սակայն այս տարվա սկզբին Իսրայելի իշխանությունները քանդեցին նրա տունը՝ տեղեկացնելով, թե տունն ընդլայնվել է առանց թույլտվության:
«Հիմա երեխաներս ու թոռներս դրսում են, տներ են վարձում։ Այստեղ մեկ սենյակ եմ սարքել, հյուրրասենյակ ու լոգարան վագոն-տնակ։ Ինձ ասում են՝ ամբողջը քանդել։ Ո՞ւր [գնամ]։ Գնալու տեղ չունեմ, անտուն կմնամ»,- ասում է Ֆախրի Աբու Դիաբը։
Ըստ Աբու Դիաբի՝ ինքն ու հարևանները բազմիցս փորձել են շինարարության թույլտվություն ստանալ Արևելյան Երուսաղեմում, սակայն իսրայելական իշխանությունները գրեթե միշտ մերժել են իրենց խնդրանքը: Նրա խոսքով՝ Իսրայելը պատրաստվում է քանդել իր հարևանությամբ գտնվող մոտ 100 տուն: Տասն արդեն քանդել են։
Իսրայելի կառավարության ներկայացմամբ՝ տարածքը օգտագործվելու է հնագիտական ուղղվածության այգու կառուցման համար:
Պաղեստինցիներով բնակեցված Սիլվան թաղամասի մեկ այլ հատվածում՝ Բաթն Ալ-Հավայում, իրավիճակն ավելի բարդ է: Եմենից ներգաղթած հրեաներն այստեղ հաստատվել են 19-րդ դարի վերջին, բայց նրանց վտարել էին 1930-ականներին՝ արաբական խռովություններից հետո:
Իսրայելական օրենքի համաձայն՝ Երուսաղեմում գտնվող այն անշարժ գույքը, որն ի սկզբանե պատկանել է հրեաներին, կարող է կրկին վերադարձվել հրեաներին, նույնիսկ եթե օրինական ճանապարհով հողը գնած պաղեստինցիները արդյունքում վտարվեն:
Պաղեստինյցի ակտիվիստ Զուհայր Ռաջաբիի խոսքով՝ իր տունը գտնվում է 87-րդ թաղամասում, որի վերաբերյալ նույնպես Իսրայելի իշխանույթունները իջեցրել են վտարման կարգադրություն, քանի որ անշարժ գույքը ժամանակին պատկանել է եմենցի հրեաների բարեգործական կազմակերպությանը:
«Մենք գնել ենք [այս տները]։ Չենք զավթել։ Փաստաթղթեր ունենք։ Այստեղ յուրաքանչյուր ընտանիք ունի տունը գնելու մասին փաստաթուղթ: Մեր դեպքում՝ հայրս գնել է այս տունը 1966 թվականին, և այստեղ ենք ապրում 1966 թվականից: Ես ցնցված էի 2015 թվականին, երբ ես և իմ եղբայրները ստացանք վտարման մասին հրաման: Ինչի՞ համար»,- ասում է Ռաջաբին։
Պաղեստինցի ակտիվիսն նշում է, որ իրեն և հարևաններին հաճախ են հետապնդում հրեա վերաբնակիչները՝ մոտ 40 ընտանիք, որոնք տեղափոխվել են թաղամաս և պաշտպանված են կառավարության կողմից վարձակալած անվտանգության աշխատակիցներով:
Զուհայր Ռաջաբիի խոսքով՝ վերաբնակիչ հրեաների կազմակերպությունը՝ Ateret Cohanim-ը իրեն մեծ գումար է առաջարկել՝ հեռանալու համար, սակայն նա մերժել է։
Մյուս կողմից, Ateret Cohanim-ի ներկայացուցիչները պնդում են, որ ոչ մի անօրինական բան էլ չկա այդ տարածքում գույք գնելու և հրեաների ներկայությունը վերականգնելու ջանքերում:
«Հրեա ժողովրդի թագավորներն ու մարգարեները, պատմությունն ու [մեր նախնիների թողած] ժառանգությունն են այստեղ: Սա Երուսաղեմի և հրեական աշխարհի կենտրոնն է»,- ասում է Ateret Cohanim-ի գործադիր տնօրեն Դենիել Լուրիան:
Իսրայելական իրավապաշտպան խմբերը փորձում են աջակցել Արևելյան Երուսաղեմի պաղեստինցիներին, որոնք կազմում են քաղաքի բնակչության գրեթե 40%-ը։ Իրավապաշտպանների խոսքով՝ պաղեստինցիներին տներից վտարելու, այդ տները քանդելու իսրայելական իշխանությունների քայլերը ակտիվացել են նախորդ մեկ տարվա ընթացքում, քանզի աշխարհի ուշադրության կենտրոնում Գազան է:
«Մենք ուղիներ ենք փնտրում՝ արգելափակելու Իսրայելի կառավարության քայլերը, սակայն ուժեղ կողմը մենք չենք»,- ասում է Ir Amim իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ավիվ Տատարսկին:
Նախորդ մեկ տարվա ընթացքում արաբա-իսրայելական հակամարտությունը արյունալի դրսևորումներ ստացավ բազմաթիվ ուղղություններում՝ Գազայում, Լիբանանում, Եմենում, բայց Երուսաղեմում համեմատաբար հանգիստ էր: Սակայն պաղեստինցիների վտարումն ու նրանց տների քանդումը կարող է սրել իրավիճակը նաև հնագույն այդ քաղաքում: