Մատչելի հղումներ

Արհմիությունները կարևոր դեր են խաղում ԱՄՆ նախագահական ընտրություններում


Թրամփ, Հարիս
Թրամփ, Հարիս

ԱՄՆ-ում մոտ 14 միլիոն մարդ արհմիությունների անդամ է, որոնք ստեղծվել են աշխատավորների իրավունքները պաշտպանելու համար: Թեև արհմիության անդամները ամերիկյան ընտրազանգվածի ամենից մեծ մասը չեն, սակայն երկրի նախագահի թեկնածուները ձգտում են ամեն կերպ ստանալ նրանց աջակցությունը:

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախաձեռնությունը՝ չեղարկել թեյավճարների ու պարգևավճաչների վրա առկա հարկը, ոգևորել է արհմիությունների անդամներին։

«Գիտեմ, որ փոխնախագահ Քամալա Հարիսը ծրագիր ունի՝ հստակ ծրագիր, դադարեցնել դաշնային հարկերը թեյավճարների վրա՝ Նևադայում սպասարկման ոլորտում աշխատողների համար: Այդպես է: Իսկ որ Դոնալդ Թրամփը ձևացնում է, թե իբր ինքն է թեյավճար ստացողի փրկիչը, սուտ է»,- ասում է խաղատների աշխատակիցների արհմիության ներկայացուցիչ Քանի Քաստրոլը:։

Նախկին նախագահ և երկրի ղեկավարի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Նևադայում էր՝ ներկայացնելու խաղատների դիլերների, մատուցողների և տնային տնտեսուհիների համար թեյավճարները չհարկելու իր ծրագիրը:

Թրամփի կողմնակից Դիդի Լիմանն ասում է․ «Բոլոր աշխատողները, հատկապես նրանք, ովքեր աշխատավարձ չունեն և աշխատում են թեյավճարով, կհավանեն այդ ծրագիրը»:

Թրամփը, կարծես, շահել է նաև Լաս Վեգասի ոստիկանության համակրանքը։ Լաս Վեգասի ոստիկանների ասոցիացիայի նախագահ Սթիվ Գրամասը նշում է․ «Քաղաքացիների մեծամասնությունը վստահում է իրավապահներին, և եթե իրավապահ մարմիններն ասեն՝ հավատում ենք, որ այս անձը մեր շահերի լավագույն պաշտպանն է, ով պատրաստվում է զարգացնել մեր տնտեսությունը, ապա մարդիկ կհավատան»:

Հանրահավաքներին Գրամասը բազմիցս է արտահայտվել Թրամփի օգտին. «Դոնալդ Թրամփի և նրա նման մարդիկ միշտ կանգնել են մեր կողքին»:

ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ ձգտում են արժանանալ Նևադայում աշխատող և տարբեր արհմիությունների անդամ հանդիսացող տասնյակ հազարավոր աշխատավորների համակրանքին:

Հարիսն, օրինակ, կարողացել է վաստակել տեղական՝ Teamsters արհմիության աջակցությունը, սակայն բեռնափոխադրողների և պահեստների աշխատողների ազգային կազմակերպությունը հրաժարվել է աջակցել նախագահի որևէ թեկնածուի, և Նևադայի որոշ ընտրողների համար նշվածը կարևոր ցուցիչ է:

Թրամփի կողմնակից Էդվարդ Կրամերն ասում է․ «Նրանք՝ [Teamsters-ը] միշտ աջակցել են դեմոկրատներին: Հիմա չեն սատարում։ Նշանակում է՝ պետք է թեքվեն դեպի Թրամփը»։

Ինչևէ, Հարիսին իր աջակցությունն է հայտնել նաև Լաս Վեգասի խոհարարների միությունը, որի քարտուղար Թեդ Պապեորջն ասում է․ «Աշխատավոր դասակարգի ընտրողները խելացի են, բայց մի քիչ թերահավատ: Իսկ նախագահ Թրամփի խնդիրն այն է, որ նա շատ է ստում»:

Խոհարարների միության անդամ Կլաուդիա Մոնրեալը հավելում է․ «Խոշոր կորպորացիաները թանկացնում են սնունդը, գազը, վարձը: Գիտեմ, որ Քամալան լինելու է մեր՝ միջին խավի, արհմիության անդամների կողքին»:

Դիտերդները նշում են՝ նման միությունները կարող են վճռորոշ դեր խաղալ Նևադայի ընտրություններում, իսկ Նևադան տատանվող նահանգներից է, որոնք, իրենց հերթին, կարող են մեծապես ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

XS
SM
MD
LG