ԱՄՆ որոշ նահանգներում ընթացող վաղաժամ քվեարկության ֆոնին՝ Սպիտակ տան ղեկավարի թեկնածուները անցել են ավելի սուր հռետորաբանության։
«Դոնալդ Թրամփն ապացուցել է, որ անկայուն է և ոչ պիտանի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը:
Հանրապետականների թեկնածուի շուրթերից հնչում են ավելի սուր խոսքեր։
«Մենք ունենք արտաքին թշնամի և ունենք ներքին թշնամի։ Գոյություն ունեն մի քանի հիվանդ, արմատական-ձախ խելագարներ, և այդ [խնդիրը] պետք է հեշտությամբ կարգավորվի Ազգային գվարդիայի կողմից, եթե կարիքը լինի»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Ավելի ուշ ԱՄՆ նախկին նախագահը պարզաբանել է, թե նկատի ուներ իր քաղաքական հակառակորդներին և հարկ է համարել կրկնել միտքը հոկտեմբերի 16-ին The Wall Street Journal-ի հետ զրույցի ժամանակ:
Նյու Հեմփշիրի նահանգապետ, հանրապետական Քրիս Սունունուն ABC-ի եթերում ներկայացրել է իր կարծիքը Թրամփի հայտարարության վերաբերյալ. «Ոչ ոքի դուր չի գալիս նման բաները։ Բայց եկեք տեսնենք՝ նա չորս տարի նախագահ է եղել: Չեմ կարծում, որ կգնա [նման քայլի]: Առաջին ժամկետում չի արել, այս ժամկետում ևս չի անի»:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Շենոն Օ’Բրայենն ասել է, թե ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից կիրառվող և ավելի սուր բնույթ ստացող հռետորաբանությունը պարտադիր չէ, որ հաղթական պարգևի կողմերին:
«Եթե թեկնածուներն անցնեն սահմանները և պարզապես զզվեցնեն մարդկանց, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում ընտրել, մարդիկ ուղղակի կհոգնեն և նրանցից շատերը տանը կմնան ընտրության օրը»,- ասել է Օ’Բրայենը:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ նախընտրական պայքարի այս փուլում քիչ են չկողմնորոշված ընտրողները, սակայն այդ մարդիկ կարող են ազդել ընտրությունների ելքի վրա:
Սպասվում է, որ Թրամփն այս շաբաթ նախընտրական միջոցառումներ կանցկացնի Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում և Նևադայում։ Հարիսը՝ Փենսիլվանիայում, Վիսկոնսինում և Միչիգանում: