Մատչելի հղումներ

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետևում է Իսրայելի գործողություններին Իրանի դեմ Իսրայելի պաշտպանության նախարարության օպերատիվ կենտրոնից Թել Ավիվում, Իսրայել, հոկտեմբերի 25, 2024թ. (AFP)
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետևում է Իսրայելի գործողություններին Իրանի դեմ Իսրայելի պաշտպանության նախարարության օպերատիվ կենտրոնից Թել Ավիվում, Իսրայել, հոկտեմբերի 25, 2024թ. (AFP)

Սպիտակ տունը ծանուցվել է Իրանին Իսրայելի օդային հարվածներ հասցնելուց անմիջապես առաջ

Շաբաթ վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) խոսնակը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ իսրայելական ուժերը «թիրախային հարվածներ» են հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին:

«Ի պատասխան Իրանի ռեժիմի կողմից Իսրայելի պետության դեմ ամիսներ շարունակվող հարձակումների՝ Իսրայելի պաշտպանության ուժերն այժմ թիրախային հարվածներ են հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին: Իրանի ռեժիմը և տարածաշրջանում նրա աջակցությունը վայելողները հոկտեմբերի 7-ից անողոք հարձակվում են Իսրայելի վրա՝ յոթ ճակատներով, ներառյալ ուղիղ հարձակումները իրանական հողից: Ինչպես աշխարհի յուրաքանչյուր ինքնիշխան երկիր, Իսրայել պետությունն էլ պատասխանելու իրավունք և պատասխանատվություն ունի։ Մեր պաշտպանական և հարձակողական կարողությունները լիովին մոբիլիզացված են։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ Իսրայել պետությանը և Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram-յան հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունը ծանուցվել է Իրանի վրա Իսրայելի ավիահարվածներից անմիջապես առաջ, հայտնում է Reuters-ը։

Իր հերթին, Պենտագոնի խոսնակը «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Ջեֆ Սելդինին ասել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չէ Իրանի վրա Իսրայելի այս հարձակմանը:

«Մենք հասկանում ենք, որ Իսրայելը թիրախային հարվածներ է հասցնում Իրանում ռազմական թիրախներին՝ ինքնապաշտպանության նպատակով և ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի բալիստիկ հրթիռների հարձակումների: Կխնդրենք մեկնաբանության համար դիմել Իսրայելի կառավարությանը՝ նրանց գործողության մասին լրացուցիչ տեղեկությունների համար», - ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը:

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ շաբաթ օրը «ուժեղ պայթյուններ» են լսվել մայրաքաղաք Թեհրանի շրջակայքում՝ չհստակեցնելով պայթյունների պատճառը: Ավելի ուշ Իրանի իշխանությունները հայտարարեցին հակաօդային պաշտպանության ազգային համակարգերի կիրառման մասին։

«Մի քանի րոպե առաջ Թեհրանի մերձակայքում ուժեղ պայթյունների ձայներ են լսվել, այդ ձայների աղբյուրը դեռ պարզ չէ»,- ասել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության հաղորդավարը։ AFP-ի թղթակիցը նույնպես պայթյուններ է լսել: Գործակալությունը հայտնել է նաև այն մասին, թե ինչպես է գործել հակաօդային պաշտպանությունը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։

Ավելի ուշ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հաստատել է, որ իսրայելական հրթիռային հարձակումները հարվածել են Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Ղոմում և Շիրազում գտնվող ռազմական օբյեկտներին:

Շաբաթ օրը Իրաքը դադարեցրել է օդային հաղորդակցությունն իր օդանավակայաններով մինչև հետագա ծանուցում այն բանից հետո, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին, հաղորդում է Agence France-Presse-ը:

XS
SM
MD
LG