Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի հնարավոր «կոշտ վայրէջքի» մասին հաղորդումներին. ԱՄՆ պետքարտուղարություն


Տարածաշրջանային քարտեզ, Ջոլֆա քաղաք, Իրան
Տարածաշրջանային քարտեզ, Ջոլֆա քաղաք, Իրան

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ուշադրությամբ հետևում է Իրանի նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին ստացվող հաղորդումներին,  «Ամերիկայի ձայնի» հարցմանը ի պատասխան հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարությունը:  

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդումներին: Այս պահի դրությամբ չունենք այլ մեկնաբանություն»,- ասված է պետքարտուղարության արձագանքում:

Իր հերթին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը X հարթակում նշել է, որ Բրյուսելում հետևում են Իրանից ստացվող տեղեկությանը: Նա նշել է, որ նախագահ Ռայիսիի և արտգործնախարար Ամիրաբդոլլայանի հետ կապված վիճակը «դեռ պարզ չէ»՝ հավելելով՝ «ԵՄ անդամ երկրների և գործընկերների հետ միասին ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»։

Հայաստանի արտգործնախարարությունը X հարթակում ևս կատարել է գրառում, ուր Իրանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։

«Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Ամիրաբդոլլայանի և մյուսների հետ են։ Մինչև փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն», - ասված է ՀՀ արտգործնախարարության գրառման մեջ։

Ադրբեջանը ևս արձագանքել է Իրանի առաջնորդի ուղղաթիռի հետ կապված վթարի մասին լուրերին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր խորը մտահոգություն է հայտնել այս առիթով՝ նշելով. «Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է առաջարկել ցանկացած անհրաժեշտ օգնություն»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետ կապված, և որ Թուրքիան լիակատար կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Թեհրանի խնդրանքով Թուրքիան 32 փրկարար-լեռնագնացներից բաղկացած խումբ է ուղարկել Իրան` նախագահ Ռայիսիի ուղղաթիռի որոնումներին աջակցելու նպատակով։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կիրակի օրը «կոշտ վայրէջք» է կատարել, որի մասին հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները՝ առանց մանրամասներ տրամադրելու:

Ռայիսին գտնվում էր Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջոլֆայի մոտ, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող քաղաքի մոտ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք:

Ռայիսիի այցին մասնակցում են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանը, Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետը և այլ պաշտոնյաներ, հաղորդում է պետական IRNA գործակալությունը: Տեղական կառավարության պաշտոնյաներից մեկը օգտագործեց «վթար» բառը միջադեպը նկարագրելիս, սակայն իրանական թերթերից մեկի հետ զրույցում խոստովանեց, որ ինքը դեռ չի հասել դեպքի վայր:

Ո՛չ IRNA-ն, ո՛չ պետական հեռուստաընկերությունը որևէ տեղեկություն չեն տրամադրել Ռայիսիի վիճակի մասին։

Ըստ պետական հեռուստատեսության՝ փրկարարները փորձում էին հասնել դեպքի վայր, սակայն նրանց խոչընդոտում էին եղանակային վատ պայմանները: Հաղորդումներ կան հորդառատ անձրևների և մառախուղի մասին, որոնք ուղեկցվում էին ուժեղ քամիներով։ IRNA-ն միջադեպի տարածքը որակում է «անտառային»:

Ռայիսին կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանում էր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու համար: Այցը տեղի ունեցավ չնայած Բաքվի ու Թեհրանի միջև սառը հարաբերություններին՝ կապված 2023 թվականին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հրազենային հարձակման և Իրանի կողմից տարածաշրջանում գլխավոր թշնամի պետություն համարվող Իսրայելի հետ Ադրբեջանի դիվանագիտական ջերմ հարաբերությունների հետ:

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։

XS
SM
MD
LG