Մատչելի հղումներ

Թուրքիա Իրան հարաբերություններ. մրցակցություն, թե՞ համագործակցություն


Թուրքիայի կողմից վերջերս իրանական ենթադրյալ լրտեսական ցանցի բացահայտումը դիտարկվում է որպես երկու հարևան երկրենրի միջև մրցակցության աճի նշան: Ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Անկարան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում, որը Թեհրանը ևս համարում է իր ազդեցության գոտի

Հեռուստատեսության տեսախցիկների առջև անցած ամիս Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր ենթադրյալ իրանցի լրտեսներին: Նրանք բերման են ենթարկվել նոյեմբերին իրանցի այլախոհ Հաբիբ Չաաբին առեւանգելու համար, ում այժմ Իրանում սպառնում է մահապատիժ:

Արաբական անջատողականների առաջնորդ Չաաբին Շվեդիայից ուղևորվել էր Թուրքիա ` այստեղ մի կնոջը հանդիպելու համար, ով, ըստ թուրք իշխանությունների, աշխատում է իրանական հետախուզության համար:

Թուրքիայի իշխանությունների հրապարակած նյութերում երևում է, որ այդ կինը և նրա իրանցի կոնտակտը ժամանում են Թուրքիա: Նյութերում ներկայացված է նաև Չաաբին մինչև իր առեւանգումը, ինչպես նաև այն ավտոմեքենան, որով նրան մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Իրանի սահման:

Որոշ վերլուծաբաններ ասում են, որ ձերբակալությունների հրապարակումը ուղերձ է պարունակում:

«Սա ոչ միայն ուղերձ է Իրանին, այլև ուղերձ է Արևմտյան անվտանգության ուժերին, որ Թուրքիան դեռ դրա մաս է կազմում: Դա ցուցադրություն է ՆԱՏՕ-ի երկրների համար, որ Թուրքիան դեռ շատ կարևոր է ինչպես Մերձավոր Արևելքի քաղաքականության, այնպես էլ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում»,- ասում է Բոնի համալսարանի վերլուծաբան Զաուր Գասիմովը:

Թուրքիան ենթարկվել է իր արեւմտյան դաշնակիցների քննադատությանը ՝ իրանական ռեժիմին օգնելու համար: Թուրքիայի պետական Halkbank- ը Նյու Յորքում մեղադրվում է ԱՄՆ իրանական պատժամիջոցները խախտելու մեջ:

Սիրիական հակամարտությունում Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը միասին համագործակցում են միմյանց հետ: Սակայն Անկարայի աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության հարցում սկսեց դիտարկվել որպես Կովկասում Թուրքիայի ազդեցության ընդլայնման միջոց, որը նոր էջ է իրանա-թուրքական մրցակցության մեջ:

«Իրանցիները մշտապես վախեցել են Կովկասում և Կենտրոնական Ասիայում թուրքական ազդեցությունից: Իրանը փորձեց մեծացնել իր ազդեցությունը թուրքական աշխարհում, բայց չկարողացավ և կձախողվի նաև հետագայում: Ահա թե ինչու Իրանն իրեն սեղմված է զգում մի կողմից արաբների և մյուս կողմից թուրքերի միջև»,- ասում է Թուրքիայի արտաքին քաղաքական ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում արտասանել էր ազգայնական մի բանաստեղծություն, որը զայրացրել էր Թեհրանին: Վերջինս նաև արձագանքել էր այդ առիթով:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նույնպես քննադատեց Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ: Անկարան ազդարարել էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ցանկության մասին:

Ըստ վերլուծաբանների, Թուրքիայի և Իրանի տարածաշրջանային մրցակցության երկար պատմությունը ստիպում է երկու երկրներին ուղիներ գտնել իրենց անհամաձայնությունները կարգավորելու համար: Հակադրության հետ մեկտեղ առկա են համագործակցության եզրեր:

Սակայն հաշվի առնելով, որ Թուրքիան ակնկալում է զարգացնել իր աճող ազդեցությունն Ադրբեջանում և Կովկասում, թուրք-իրանական մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի:

Facebook Forum

XS
SM
MD
LG