Մատչելի հղումներ

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են, բայց կան տարբեր կարմիր գծեր, որոնք պետք է հաշվի առնվեն


ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Սաադաբադ պալատում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և վարչապետ Փաշինյանի բանակցությունների արդյունքում, ստորագրվել է Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր:

Քաղաքագիտական շրջանակներում քննարկվում է հարցը, թե հայ-իրանական հարաբերությունները այս փուլում, ինչ արդյունքներ և հետևանքներ կարող են ունենալ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գտնում է, որ Իրանի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար, հատակապես հիմա, երբ կա կոնկրետ շահերի համընկնում․ «Ակնհայտ է, որ իրանական կողմը շատ հստակորն գծել է իր կարմիր գծերը, որոնց մեջ է մտնում նաև Հայաստանի ինքնիշխանությունից դուրս որևէ, այսպես կոչված՝ չակերտավոր միջանցքի տրամադրումը ադրբեջանաթուրքական դաշինքին, ինչը ձեռնտու չէ Իրանին։ Պատահական չէ, որ Իրանը սահմանին զորավարժություններ իրականացրեց, ինչը միջանցքի ստեղծման նպատակով որևէ արգրեսիայի դեպքում միջամտելու հնարավորությունների փորձարկում էր»։ Ինչ վերաբերում է Իրանական ամբողջ գործիքակազմին, ապա, Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ, ուշագրավ է, որ զորավարժություններին զուգահեռ իրանցիները իրականացրեցին ևս մեկ գործողություն, արդեն դիվանագիտական տիրույթում՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, դրանք միմյանց փոխլրացնող գործընթացներ էին՝ զորավարժությունը և հյուպատոսությունը։ -«Ադրբեջանաթուրքական դաշինքի հիմնական նկրտումները վերաբերում են հենց Սյունիքի մարզին, ուստի իրանական ներկայության ապահովումը՝ դիվանագիտական մակարդակում, հենց Սյունիքի կենտրոնում՝ Կապան քաղաքում շատ կարևոր է, ընդ որում բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաև Իրանի արտգործնախարարը, ինչը ուժգնություն հաղորդեց այդ քայլին», ասում է Ոսկանյանը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը ընդգծում է, որ այստեղ հիմա կա նաև Իրանի և արևմուտքի շահերի համընկնում, որքան էլ դա պարադոքսալ է, բայց շահերը համընկնում են և դա իրավիճակային համընկնում է։ Իրանը շատ լավ հասկանում է, որ միջանցքի բացման դեպքում , ժամանակի ընթացքում զրկվելու է իր մի փոքր պատուհանից դեպի հյուսիս, և այդ առումով իրանական բոլոր հայտարարությունները, լոկ հայտարարություն չեն, այլ դա քաղաքական գիծ է, կարմիր գիծ է։ Ի ուրախություն մեզ, այսօր այդ հարցում Իրանի այդ քաղաքական գիծը համընկնում է արևմուտքի քաղաքական գծի հետ․ «որովհետև ռուսական շահը, արևմտյան շահը, իրանական և թուրքական շահերը իրար հակասում են», ընդգծում է Դավիթ Ստեփանյանը։

« Հայ-իրանական սահմանը անձեռնմխելի է Իրանի համար, ոչ ոք իրավունք չունի պահանջել Մեղրիի միջանցք ու դրանով կտրել Հայաստանը Իրանից, -ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը,- բայց կան խնդիրներ, որոնք մտահոգիչ են, օրինակ, Ռուսաստանին դրոնների վաճառքի հարցը։ Լուրջ կասկածներ կան, որ Իրանն իրոք դա արել է, հիմա հարցը ուսումնասիրվում է, բայց,- Գրիգորյանի խոսքերով․ «Աստված տա, որ նման բան չհաստատվի, և Իրանը շարունակի բանակցությունները Միացյալ նահանգների և Եվրոպայի հետ։ Մեզ համար շատ կարևոր է, որ գործարքը՝ Եվրամիություն-Միացյալ նահանգներ-Իրան կայանա, որ կարողանան լեզու գտնել, որ Իրանը խաղաղ միջուկային էներգիա օգտագործի, ոչ թե զենք ստեղծի, դա մեզ ձեռնտու է»։ Այդ դեպքում, ըստ քաղաքագետի, էներգետիկ ծրագրերը Իրանի միջոցով կգնան Հայաստանով, Վրաստանով դեպի Եվրոպա և այլն։ Բայց Իրանը այլ հարցերում բավականին բարդ քաղաքականություն է վարում․ «Մենք Իրանի հետ պետք է համագործակցենք այն հարցերում, որոնք արևմուտքում դիտվում են նորմալ, այլ ոչ թե հարցականի տակ։ Շատ զգուշավոր պետք է լինենք ռազմական համագործակցության առումով, վտանգավոր է, քանի որ դա կարմիր գիծ է արևմուտքի համար»։ Ստեփան Գրիգորյանը շեշտում է , որ այսօր խաղաղություն ապահովողը արևմուտքն է, և «եթե չլիներ արևմուտքի միջամտությունը, սեպտեմբերյան ագրեսիան կավարտվեր բոլորովին այլ պատկերով, ուղղակի միջամտեցին Միացյալ նահանգները և Եվրամիությունը, դա է պատճառը, որ Ադրբեջանը կանգնեց և Ջերմուկով չհասավ մինչև Նախիջևան։ Ու քանի զսպողը արևմուտքն է , դա էլ մեզ համար է կարմր գիծ, և մենք իրավունք չունենք քայլեր անելու, որոնց հետ չի համաձայնի կամ չի ողջունի արևմուտքը»։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը սակայն գտնում է, որ եթե արևմտյան գործընկերները շահագրգիռ են Հայստանի զարգացմամբ և ապագայով և ընդհանրապես գոյությամբ, ապա Հայաստանը Իրանի հետ հարաբերությունների առումով, պետք է ունենա արտոնյալ համագործակցության իրավունք՝ բոլոր պարագաներում , նույնիսկ, եթե Իրանի և արևմուտքի միջև հարաբերությունները լարվածության ամենաբարձրակետին լինեն․ «ամենևին պայծառատես պետք չէ լինել, հասկանալու համար, որ Իրանի հետ հարաբերությունները ապահովում են Հայաստանի անվտանգության որոշակի բաղադրիչ»։

Ելնելով Հայաստանի բարդ և անվտանգության առումով բարձր խոցելիության իրավիճակից, Իրանի հետ բարեկամություն չանող, բայց Հայաստանը բարեկամ համարող երկրները կարող են և պետք է արտոնեն Հայաստանին՝ համագործակցել Իրանի հետ, պնդում է իրանագետը։

XS
SM
MD
LG