Իրանում հինգ օր սուգ է հայտարարվել՝ ուղղաթիռի կործանման պատճառով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի զոհվելու կապակցությամբ:
Միացյալ Նահանգներն պաշտոնապես ցավակցել է՝ հիշեցնելով, սակայն, Ռայիսիի գլխավորած իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմակի ոտնահարումներն Իրանում։
«Ցավում ենք որևէ մահվան համար: Բայց սա չի փոխում նրա՝ [Ռայիսիի] գործունեության տարիներին տեղ գտած իրականությունը։ Նրա ձեռքերն արյունոտ են»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ոսնակ Մեթյու Միլլերը։
Թեև Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը, ով այժմ նախագահի պաշտոնակատարն է, վստահեցրել է՝ իրանական հանրությանը, թե ներքին անկարգությունները բացառվում են, սակայն վտարանդի իրանցիները կարծում են, որ Ռայիսիի մահը կարող է փոփոխությունների պատուհան բացել:
Իրանի դիմադրության ազգային խորհրդի խոսնակ Ջավադ Դաբիրանի խոսքով, Էբրահիմ Ռայիսիի մահը, անշուշտ, դրական հեռանկարներ է ստեղծում իրենց շարժման համար։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերլուծաբան Ալեքս Վատանկան կարծիք է հյատնել, որ Ռայիսիի զոհվելը էական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-Իրան հարաբերություններում. «ԱՄՆ-Իրան հարաբերություններն իսլամական հանրապետությունում կարևոր հարցերից են»:
Ինչևէ, բազմաթիվ երկրների ղեկավարներ իրենց ցավակցությունն են հայտնել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ցանկանում եմ արտահայտել մեր խորը վիշտը՝ այս ողբերգական վթարի պատճառով»։
Ռայիսիի մահվան կապակցությամբ Պակիստանում սգո օր է հայտարարվել։ Այդ երկրի արտգործնախարար Իսաք Դարի ասել է․ «Շատ տխուր օր է իսլամական համայնքի համար: Բոլորս շատ տխուր ենք»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ցավակցել է Ռայիսիի մահվան կապակցությամբ՝ նշելով. «[Իրանի նախագահը] եղել է ականավոր քաղաքական գործիչ և Ռուսաստանի իսկական բարեկամ։ Նա անգնահատելի անձնական ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում և մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար»։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռայիսին առանցքային դեր է խաղացել Պեկինի ու Թեհրանի հարաբերություններում։
«Նախագահ Ռայիսին նշանակալի ներդրում է ունեցել Իրանի անվտանգության և կայունության պահպանման, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու գործում: Նաև ակտիվ ջանքեր է գործադրել Չինաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ»,- ասել է նախարար Վան Ին։
Այս հունիսի 28-ին Իրանում կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ։