«Ամերիկայի ձայնի» զրուցակից-փորձագետները ուշադրություն են հրավիրում՝ նախորդ օրերին Կրեմլի ղեկավարն իրականացրեց մի շարք, այդ թվում՝ օտարերկրյա շարունակական այցեր, ինչն ինքնին սովորական երևույթ չէ Պուտինի նախորդ շրջանի գործունեության ընթացքում, սակայն Կրեմլի ղեկավարի երթուղին նրան, ամեն դեպքում, հեռու պահեց Ռուսաստանի մարզից, ուր երրորդ շաբաթն է ծանր մարտեր են ներխուժած ուկրաինական զինուժի հետ, ռուսական կողմը լուրջ կորուստներ է կրում՝ շարունակելով նահանջել։
Ռուսաստանի նախագահը վաղուց չէր եղել Հյուսիսային Կովկասում, ուր նա այցելեց Կաբարդինո-Բալկարիա, Հյուսիսային Օսիա և Չեչնիա։ Ավելի վաղ նա երկօրյա պետական այցով Ադրբեջանում էր։
Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանում, Պուտինն առաջին անգամ այցելեց այն դպրոցը, որը 2004 թվականի սեպտեմբերին ենթարկվել էր ահաբեկչական հարձակման: Այնտեղ նա ծաղիկներ խոնարհեց զոհերի հուշարձանին, թեև արյունալի այդ միջադեպի հերթական տարելիցին դեռ մոտ տաս օր կա։
Դիտորդների ուշադրությունը գրավեց նաև այն հանգամանքը, որ «Բեսլանի մայրեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պուտինը չկարողացավ վերհիշել ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանված երչեխանրի թիվը և 186-ի փոխարեն խոսեց 136 մահացած երեխաների մասին։ Սակայն նույն այդ հանդիպմանը հարկ համարեց անդրադառանալ Ռուսաստանի արտաքին թշնամիներին, որոնք, ըստ Պուտինի, նախաձեռնել են Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, նրանք են կանգնած երկրի խնդիրների մեծ մասի հետևում և այսօր էլ սատարում են ուկրաինական զինուժի գործողություններին Կուրսկի մարզում։
Հատկանշական է, որ Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է միայն Պուտինի խոսքը, իսկ թե ինչ են ասել կամ արձագանքել ներկաները, հայտնի չէ։
Չեչնիայում Պուտինին սպասվում էր հատուկ ծրագիր, որն, օրինակ, ներառում էր այց հանրապետության ներկայիս ղեկավարի հոր՝ Ախմատ Կադիրովի գերեզման, Գուդերմեսում գործող հատուկ նշանակության ուժերի համալսարան և այլն։ Պուտինը դարձավ նաև Չեչնիայի պատվավոր քաղաքացի։
Անդրադառնալով մի քանի օր տևած Պուտինի շրջագայությանը՝ քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը նշեց, թե Կուրսկի մարզում ընթացող պատերազմական գորշողությունենրից տուժած տասնյակ հազարավոր ռուսաստանցիներին մնում է միայն հուսալ, որ Կրեմլի ղեկավարը ժամանակ կգտնի նաև իրենց համար։
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով՝ նման պահվածքը բնորոշ է Պուտինին․ Օրեշկինը հիշեցրևեց գրեթե քառորդ դար առաջ այս օրերին «Կուրսկ» սուզանավի հետ տեղի ունեցած ողբերգությունը։
«Այդ ժամանակ նա երեք օրով անհետացավ տեսադաշտից։ Գնաց Սոչիի իր նստավայր և ձևացրեց, թե տեղյակ չէ կատարվածի մասին։ Մյուս արտակարգ իրավիճակների ժամանակ մոտավորապես նույն պահվածքն է դրսևորել, որովհտև նրա մտածելակերպի համաձայն՝ պետք է ամեն ինչ կարգին լինի, նախապես պլանավորված, իսկ եթե ինչ-որ արտասովոր բան է պատահում, նրան բարկացնում է, հավասարակշռությունից հանում»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Օրեշկինի՝ ուղևորությունը Ադրբեջան ու Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններ նույն լույսի ներքո է. «Նա որոշեց գնալ այնտեղ՝ Կուրսկ գնալու փոխարեն, ինչպես արևմտյան շատ առաջնորդներ կանեին նման իրավիճակում: Երկրի ղեկավարն առնվազն պետք է հայտնվի աղետի գոտում։ Բայց Պուտինն այդ մարդը չէ։ Սա ցույց է տալիս նրա վերաբերմունքը իրականությանը։ Նա հրաժարվեց չեղարկել իր ծրագրերը, որովհետև նման բան անելը համարում է թուլության նշան»։
Քաղաքագետի ներկայացմամբ՝ Ռուսաստանի ղեկավարին ընդհանրապես չի հետաքրքրում, թե իր նման պահվածքին հանրությունն ինչպես կարձագանքի, որովհետև Կրեմլը լիովին վերահսկում է ռուսաստանյան լրատվամիջոցները, «և արագ ու հստակ կբացատրեն, որ սա էր միակ ճիշտ ու իմաստուն որոշումը»։
Դմիտրի Օրեշկինի կարծիքով՝ Հյուսիսային Կովկասը Պուտինի համար կարևոր է նաև այն առումով, որ Ռուսաստանի այդ տարածաշրջանում է երիտասարադության տոկոսային հարաբերակցությունը բարձր, ինչը կարևոր է բանակը նորակոչիկներով համալրելու համար։ Բացի այդ՝ այդտեղ է «Պուտինի լրացուցիչ ուժային կառույցը»՝ Կադիրովին ենթակա զորամիավորումները, որոնք կարող են պետք գալ որևէ ապստամբության ժամանակ։
«Մյուս կողմից, Կադիրովն ինքն է շահագրգռված Պուտինի ամրությամբ, և այդ կապը գործելու է մինչև երկուսի կյանքի վերջ, որովհետև եթե Պուտինը թուլանա, ապա Կադիրովը կարող է ամեն ինչ կորցնել, քանի որ նրան մեծ թվով մարդիկ են ատում ռուսաստանյան վերնախավում և ուժային կառույցներում»,- ասաց Օրեշկինը՝ եզրափակելով, թե չի բացառվում, որ Պուտինը նման այցով նպատակ ունի ներկայացնել ռուսաստանցիներին, որ Ուկրաինայի զինուժի առաջխաղացումը Կուրսկի մարզում նման է Բասաևի ահաբեկիչների հարձակմանը Բեսլանի դպրոցի վրա։
Քաղաքագետ Աբաս Գալյամովը, ով ժամանակին եղել է Պուտինի սփիչռայթերը՝ հանրային ելույթների հեղինակը, ևս նկատում է՝ Կրեմլի ղեկավարը չի ցանկանում մեկնել Կուրսկի մարզ, և կասկածից վեր է, որ այնտեղ կատարվողը խիստ տհաճ թեմա է նրա համար։
«[Պուտինի տեսանկյունից՝ Կուրսկի մարզ այցելելով] միավորներ չի վաստակի։ Նա չի ցանկանում ասոցացվել ձախողման հետ։ Այստեղ, թերևս, գլխավոր դերը խաղում է զգացմունքային բաղադրիչը։ Պետք է հասկանանք, որ [պուտինյան] ռեժիմը հասել է այնպիսի մակարդակի և այնքան անհատականացված է դարձել, որ նախագահի հոգեբանական դրդապատճառները հաճախ ավելի կարևոր են մյուս փաստարկներից»։
Ուստի, ըստ Գալյամովի, Պուտինը գործում է՝ ելնելով սեփական ցանկություններից․ «Աշխատում է սկզբունքը, որ ցարը միշտ ճիշտ է, նույնիսկ, երբ նա սխալ է։ Նա զգում է, որ Կուրսկում ասելիք չունի մարդկանց։ Դուք չեք կարող անհեթեթություն խոսել, բոլորը կհիասթափվեն: Իսկ պահեստում ոչինչ չունի՝ ո՛չ ռեսուրսներ, ո՛չ «հրաշքներ», և Ուկրաինայի զինված ուժերին արագորեն դուրս մղելու հեռանկար չկա։ Ըստ էության, նա ընդունում է սեփական անզորությունը։ Մյուս կողմից՝ չեք կարող անհետանալ կամ թաքնվել: Սա կմեկնաբանվի, թե նախագահը շփոթված է, վախեցած և թաքնվել է բունկերում»։
Քաղաքագետը շարունակում է՝ հետևաբար, Պուտինը պետք է ինչ-որ կերպ շեղի հանրության ուշադրությունը․ «Սա է Պուտինի այցերի հիմնական իմաստը, թե ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ըստ ժամանակացույցի, ֆորս մաժոր չկա»։
Գալյամովի խոսքով՝ իհարկե, ռուսաստանցիների մեծ մասն ակնկալում է, որ Պուտինն ինքը կհաղթի ուկրաինական զորախմբին, և ամեն ինչ իր տեղը կընկնի։
«Իսկ այն, ինչ Պուտինն առաջարկեց և ասաց իր շրջագայությունների ժամանակ, կարծես, Օ․ Հենրիի հայտնի ստեղծագործության հերոսի խոսքերը լինեն, որ առաջարկում են վարսակը փոխարինել ինչ-որ վատ բանով: [Պուտինը] վաղուց քաղաքականությունը տեղափոխել է այլ հարթություն, ուր բառերը դադարել են որևէ նշանակություն ունենալ»,- եզրափակեց քաղաքագետը։