Թեև դեմոկրատների համագումարի բանախոսները անդրադարձան մարդկանց վերարտադրողական իրավունքների պաշտպանությանը, բնապահպանական խնդիրներին և երկրի սահմանների անվտանգությունը, այդուհանդերձ՝ օրակարգի կենտրոնում ԱՄՆ փոխնախագահի թենածուի հարցն էր։
«Քամալա Հարիսը գործում է ի շահ մարդկանց…։ Մյուս անձը վաղուց արդեն ապացուցել է, որ իր գործունեության հիմքում միայն ինքն է և իր շահը»,- համագումարին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ ակնարկելով Թրամփին:
Սպիտակ տան դեմոկրատ նախկին ղեկավարը, անշուշտ, երեկոյի ամենից սպասված բանախոսներից էր, ով 1972 թվականից ի վեր մասնակցել է դեմոկրատների բոլոր համագումարներին: Քաղաքական ու պետական աշխաանքի հսկայական փորձ ունեցող Քլինթոնը մանրամասնեց, թե ինչու է կարծում, որ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը լավագույնն է, ով կարող է զբաղեցնել ԱՄՆ հաջորդ նախագահի աթոռը:
«Քամալա Հարիսը կաշխատի՝ մեր խնդիրները լուծելու, մեզ հնարավորություններ ընձեռնելու, մեր վախերը փարատելու համար, ինչպես նաև համոզվելու, որ յուրաքանչյուր ամերիկացի, անկախ նրանից, թե ում օգտին է քվեարկում, հնարավորություն ունի հասնել իր երազանքներին»,- հայտարարել է Բիլ Քլինթոնը:
Համագումարի առանցքային պահն, ինչպես ասացինք, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի ընտրությունն էր որպես ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատների թեկնածու:
«Պատիվ ունեմ ընդունել ձեր առաջարկը՝ ստանձնելու ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակը»,- արձագանքել է Ուոլցը:
Շատերի համար Ուոլսի խոսքը, թերևս, առաջին հնարավորությունն էր ճանաչել նրան։
«Մեծացել եմ Բյութում՝ Նեբրասկա նահանգում, 400 բնակիչ ունեցող քաղաքում: Ավագ դպրոցում 24 համադասարանցի ունեի, և նրանցից ոչ մեկը չգնաց Յեյլի համալսարան: Սակայն, ապրելով նման փոքր քաղաքում, սովորում եք հոգ տանել միմյանց մասին»,- ասել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուն:
Ուոլցը պատերազմի վետերան է, նախկին ուսուցիչ և ավագ դպրոցի ամերիկյան ֆուտբոլի ու բասկետբոլի մարզիչ: Հատուկ անդրադարձավ, թե ինչպես են իր կյանքի այդ հատվածները օգնել նրան քաղաքականությունում:
«Իմ ուսանողներն էին, որ ոգեշնչեցին ինձ առաջադրվել [ԱՄՆ] Կոնգրես: Նրանք իմ մեջ տեսան այն, ինչ հույս ունեի ներդնել նրանց մեջ՝ հավատարմություն ընդհանուր բարօրությանը, ընկալում, որ բոլորս միասին ենք, և հավատ, որ մեկ մարդը կարող է իրական փոփոխություն կատարել իր հարևանների համար»,- ասասց Ուոլցը:
Ուոլցն խոսեց նաև ազատությունից:
«Բայց երբ մենք՝ դեմոկրատներս, խոսում ենք ազատությունից, նկատի ունենք ձեր և ձեր սիրելի մարդկանց համար ավելի լավ կյանք ստեղծելու ազատությունը: Առողջապահության վերաբերյալ սեփական որոշումներ կայացնելու ազատությունը և, այո՛, ձեր երեխաների՝ դպրոց գնալու ազատությունը, առանց մտավախության, որ նրանց կարող են սպանել հրազենից»:
Հինգշաբթի երեկոյան դեմոկրատներն ավարտում են իրենց համագումարը: Վերջին ելույթը պատկանում է ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, եկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսին: