Ճապոնիայի հեռացող վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 15-ին ներկա էր Երկրորդ աշխարհամարտում ավարտին նվիրված միջոցառմանը։ 79 տարի առաջ՝ 1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց, որ վայր է դնում զենքը, թեև կապիտուլյացիայի մասին պաշտոնական փաստաթուղթը ստորագրվեց օրեր անց՝ սեպտեմբերի 2-ին։
Կիսիդան ընդգծել է, որ Ճապոնիան «այլևս չպետք է բախվի պատերազմի ավերածություններին»:
Այդուհանդերձ՝ Ծագող արևի երկրի կառավարության ղեկավարը հավելել է․ «Ճապոնիան կանի առավելագույնը՝ աշխարհի առջև ծառացած տարբեր մարտահրավերները լուծելու համար»:
Հայտնի է, որ Կիսիդան ձգտում է ամրապնդել Ճապոնիայի պաշտպանական կարողությունները՝ զգուշացնելով, թե «վաղը Արևելյան Ասիայում կարող է առաջանալ նոր Ուկրաինա»։ Ֆումիո Կիսիդան սերտ կապեր է հաստատել Կիևի հետ՝ այցելելով Ուկրաինա 2023 թվականին, որից հետո Հիրոսիմայում՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովում հյուրընկալեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն:
Կիսիդայի ծրագիրը ներառում է պաշտպանական ծախսերի կրկնապատկում մինչև 2027 թվականը, ավելի սերտ տարածաշրջանային դաշինքների ձևավորում և Ճապոնիայում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնում:
Վերլուծաբան Տոմոհիկո Տանիգուչիի խոսքով՝ Ճապոնիայի հաջորդ վարչապետը, հավանաբար, կշարունակի Կիսիդայի գիծը. «Ճապոնիայի հարևաններն են Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը՝ միջուկային ռումբերով զինված երկրներ, որոնցից ոչ մեկը ժողովրդավար չէ: Այդ երկրները թշնամանք և ատելություն են սերմանում Ճապոնիայի ու ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի նկատմամբ»:
Հաջողություն է համարվում Կիսիդայի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը համաձայնությունը՝ հաղթահարել երկու երկրների միջև առկա պատմական հակասությունները և դաշինք ստեղծել:
Կիրակի համատեղ հայտարարությամբ Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան վերահաստատեցին տարածաշրջանային մարտահրավերներին համատեղ դիմակայելու իրենց դիրքորոշումը, որն առաջին անգամ հրապարակայնացվել էր մեկ տարի առաջ՝ Քեմփ Դեյվիդի հանդիպմանը:
Սակայն, ըստ Տանիգուչիի, դեռ անորոշություններ կան։
Տոկիոյի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Յի Կուանգ Հենը ասում է․ «Հանրությունը սկզբունքորեն աջակցում է Ճապոնիայի պաշտպանական բյուջեի ավելացմանը, բայց չի ցանկանում վճարել ավելի բարձր հարկեր»:
Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռահմ Էմանուելը X-ում գրել է, թե Կիսիդան «օգնել է ստեղծել անվտանգության դաշինքների և գործընկերության ցանց Հնդկակական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որը կդիմանա ժամանակի փորձությանը»:
Արձագանք է հնչել նաև Պեկինից, թե Կիսիդայի իրավահաջորդի հետ Չինաստանը կաշխատի կառուցողական և կայուն չին-ճապոնական հարաբերություններ կառուցել ուղղությամբ: