Մատչելի հղումներ

Արդյո՞ք Մերձավոր Արևելքը լայնածավալ պատերազմի շեմին է


Middle East Airlines-ի առևտրային ինքնաթիռը թռչում է Բեյրութի հարավային արվարձանների մոտ, 2024 թվականի օգոստոսի 9-ին:
Middle East Airlines-ի առևտրային ինքնաթիռը թռչում է Բեյրութի հարավային արվարձանների մոտ, 2024 թվականի օգոստոսի 9-ին:

ԱՄՆ-ն շարունակում է ջանքերը Գազայում հրադադարի հաստատման ուղղությամբ, որի արդյունքում նաև պետք է ազատ արձակվեն «Համասի» ձեռքում գտնվող պատանդները։ Զուգահեռաբար՝ Թեհրանում «Համասի» առաջնորդի սպանությունից հետո Իրանը սպառնում է գրոհել Իսրայելը։

«Ամերիայի ձայնը» զրուցել է Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (The Foundation for Defense of Democracies) և Ատլանտյան խորհրդի (The Atlantic Council) վերլուծաբաններ Բրեդլի Բոումենի ու Ուիլյամ Ուեքսլերի հետ մերձավորարևելյան իրավիճակի շուրջ։

Արդյո՞ք Մերձավոր Արևելքը լայնածավալ պատերազմի շեմին է
please wait

No media source currently available

0:00 0:13:35 0:00


«Ամերիկայի ձայն». «Ի՞նչ է կատարվում այժմ Մերձավոր Արևելքում՝ Իսրայելին հարվածելու Իրանի սպառնալիքի ֆոնին»։

Բրեդլի Բոումեն. «2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասի» ահաբեկչական գրոհը Իսրայելի դեմ հանգեցրեց Հոլոքոստից ի վեր մեկ օրում հրեաների ամենամեծաքանակ սպանությանը: Հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 8-ից, Լիբանանում տեղակայված և իրանական [աջակցությունը վայելող] «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը սկսեց գրեթե ամեն օր հարձակումներ գործել Իսրայելի ուղղությամբ։ Իհարկե, Իսրայելը պատասխանում է։ Օրեր, շաբաթներ և այժմ՝ ամիսներ շարունակ երկու կողմն էլ ձգտել են խուսափել [Իսրայելի] հյուսիսում լայնամասշտաբ պատերազմից՝ «Հեզբոլլահի»
և Իսրայելի միջև: Բայց երկու կողմից էլ կրակ են բացում միմյանց ուղղությամբ, ավելի սարսափելի բաներ են տեղի ունենում։ Մենք դա տեսանք, երբ մի քանի շաբաթ առաջ Գոլանի [բարձունքներում գտնվող] ֆուտբոլի դաշտում բազմաթիվ երեխաներ սպանվեցին: Իսրայելը զգաց, որ անհրաժեշտ է պատասխանել՝ թիրախավորելով Լիբանանում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներից մեկին, իսկ հետո սպանելով «Համասի» առաջնորդներից մեկին՝ Իսմայիլ Հանիեին։ Իսրայելը, ինչպես հաճախ է պատահում, չի ստանձնել սպանության անմիջական պատասխանատվությունը, սակայն այն տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում, [Իրանի] նոր նախագահի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո: Իրանի արժանապատվությունը խոցվեց։ Դրանից հետո նա սպառնում է ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ։ Այդ հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Հնարավոր է՝ այս շաբաթ, և, ամենայն հավանականությամբ, ավելի լայնամասշտաբ, քան Իրանը իրականացրեց [այս] ապրիլին: Ապրիլի 13-14-ին Իրանը և նրա ահաբեկչական ցանցը ավելի քան 300 հրթիռ ու անօդաչուներ արձակեցին Իսրայելի ուղղությամբ։ Սա առաջին դեպքն էր, երբ իրանական տարածքից ուղիղ հարձակում էր իրականացվում Իսրայելի նկատմամբ։ Այսպիսով, Իսրայելը պատրաստվում է լայնածավալ հարձակման, որն, անկեղծ ասած, կարող է տեղի ունենալ 6-7 ուղղություններից՝ «Հեզբոլլահից», Եմենի հութիներից... ։ Նույնիսկ «Համասը», թեև թուլացած է, այնուամենայնիվ կարող է մի քանի հրթիռ արձակել։ Էլ չեմ խոսում մյուսների մասին՝ իրանցի զինյալները Սիրիայում և Իրաքում։ Հարվածները կարող են տեղալ Իրանից և [Հորդանան գետի] Արևմտյան ափից: Նյու Ջերսի նահանգի չափ պետությունը կարող է հարձակման ենթարկվել տարբեր ուղղություններից: Ի պատիվ իրեն՝ Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ մենք աջակցելու ենք Իսրայելին, և նշանակալի ուժեր է ուղարկել Մերձավոր Արևելք։ ԱՄՆ-ն ունի ավիակիր հարվածային խումբ, որն արդեն տարածաշրջանում է։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանով արագացվեց մեկ այլ ավիակիր հարվածային խմբի տեղակայումը տարածաշրջանում, որին ուղեկցում են մեծ թվով կործանիչներ, բալիստիկ հրթիռներով զինված սուզանավ և ծովային հետևակային արշավախումբ։ Նման կերպ [ԱՄՆ] վարչակազմը ցույց է տալիս Իրանին, որ եթե նա գրոհի Իսրայելը, ապա ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին հետ մղել նման հարձակումը: Իրանի համար ավելի հեշտ է խոսել հարձակման մասին, քան անել: Լայնածավալ դիվանագիտական ջանքեր են գործադրվում, և Վաշինգտոնն ու մեր որոշ առաջատար եվրոպական դաշնակիցներ փորձում են ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի նա հրաժարվի նման քայլից: [Այլապես] կարող է սկսվել է տարածաշրջանային պատերազմ։ Պատկերացրեք մի սցենար, երբ 300 հրթիռների և անօդաչուների փոխարեն Իրանը արձակում է 500 կամ 600 և ավելի [հրթիռներ], և ի լրումն՝ «Հեզբոլլահն» էլ է հրթիռակոծում Լիբանանից։ Այդ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Իսրայելի պաշտպանությունը, նույնիսկ՝ ամրապնդված ամերիկյան պաշտպանությամբ, չկարողանա բավարար չափով պաշտպանել Իսրայելը, և նա կորուստներ կրի։ Եթե Իսրայելը զգալի կորուստներ կրի, նա պատասխան հարված կհասցնի և այդ ժամանակ իրավիճակը կսրվի: Սա է անորոշության պատճառը, քանի որ Իրանը շատ գոհ է հոկտեմբերի 7-ից հետո ստեղծված իրավիճակից, քանի որ պատրաստ է Իսրայելի դեմ կռվել մինչև վերջին արաբը, և բոլոր պատասխան հարվածները ուղղվելու են արաբների դեմ, իսկ խամաճիկների տերը ժպիտը դեմքին նստած է Իրանում ու չի ցանկանում փոխել գործերի ընթացքը։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նա շատ է զբաղված «Համասով»՝ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելով Գազայում, և չի ձգտում միաժամանակ երկու խոշոր ռազմական գործողություններ իրականացնել՝ «Հեզբոլլահի» և «Համասի» դեմ։ Առավել ևս՝ ուղղակի պատերազմել Իրանի հետ: Եթե պատերազմն ընթանա վեց ճակատներում, ինչպես նկարագրեցի, ապա «Հեզբոլլահի» հազարավոր հրթիռներ և անօդաչուներ կթռչեն Իսրայելի ուղղությամբ ու ամեն օր, ինչը բոլորովին այլ իրավիճակ կստեղծի, քան իսրայելցիները բախվել են նախորդ տարիներին»։

Ուիլյամ Ուեքսլեր. «Իսրայելի պատմության մեջ հազվադեպ են եղել նման լարված պահեր, ինչպես այսօր է: Մտավախություն կա, թե ինչ է լինելու հետո։ Հույս ունեմ, որ սա չի դառնա ավելի մասշտաբային՝ տարածաշրջանային պատերազմ»:

«Ամերիկայի ձայն». «Որքանո՞վ են արդյունավետ լարվածության նվազեցմանն ուղղությամբ ԱՄՆ ջանքերը»:

Բրեդլի Բոումեն. «Հետաքրքիր է Իրանի արձագանքը Վաշինգտոնի ու նրա եվրոպացի դաշնակիցների դիվանագիտական հայտարարություններին, որոնք կոչ են անում Իրանին չգրոհել Իսրայելը: Իրանը հիմա ասում է. «Դե, գուցե չանենք, եթե կարողանանք հրադադար հաստատել Իսրայելի և «Համասի» միջև»: Իհարկե, Իրանը ցանկանում է, որ «Համասը» շարունակի գոյատևել, քանի որ հոկտեմբերի 7-ից հետո Իրանի ղեկավարներն ասել են՝ «համբուրել ենք այդ անողների ձեռքերն ու դեմքերը»։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ ողջունում է Հոլոքոստից ի վեր մեկ օրվա ընթացքում հրեաների ամենամեծաքանակ սպանությունը: Նրանց դիրքորոշման մեջ ոչ մի երկիմաստություն չկա: Իրանը ցանկանում է, որ «Համասը» մնա, որպեսզի նրանք կարողանան նորից հարձակումներ իրականացնել, ինչպես հոկտեմբերի 7-ի հարձակումն էր, բայց «Համասի» համար դժվար կլինի նման բան անել: Ուստի, «Համասը» և նրան աջակցողները, այդ թվում՝ Իրանը ցանկանում են հրադադար հաստատել։ Իսրայելցիները ցանկանում են ժամանակավոր զինադադար, քանի որ նպատակ ունեն վերադարձնել պատանդներին, ովքեր ամիսներ շարունակ տառապում են ահաբեկիչների թունելներում: Իսրայելը նաև հանգստի կարիք ունի՝ Վաշինգտոնի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու և «Հեզբոլլահի» հետ մեծ պատերազմի համար զինամթերք կուտակելու համար, որը կարող է վաղ թե ուշ սկսվել։ Ելնելով դրանից՝ հնարավոր է հասնել գոնե ժամանակավոր հրադադարի։ Սակայն հիմնական խոչընդոտներից մեկը, ըստ երևույթին, «Համասի» դժկամությունն է՝ համաձայնել հրադադարին, քանի որ նրանք օգտագործում են պատանդներին որպես կենդանի վահան: «Համասը» և «Հեզբոլլահը» օգտագործում են անմեղ քաղաքացիներին՝ իրենց զինյալներին պաշտպանելու համար: Վախկոտ մարտավարություն է, և ես սա ասում եմ որպես ԱՄՆ բանակում ծառայած մարդ: Ավելին՝ «Համասը» չի ցանկանում զինադադար, քանզի երբ Իսրայելը սպանում է խաղաղ բնակիչներին՝ փորձելով սպանել ահաբեկիչներին, «Համասն» օգտագործում է խաղաղ բնակիչների մահը որպես գործիք՝ Իսրայելին չարիք ներկայացնելու և աշխարհում մեկուսացնելու համար: Նրանք գիտեն, որ եթե հրաժարվեն իրենց մարդկային վահաններից, կկործանվեն։ Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո «Համասի» բոլոր առաջնորդները քայլող մեռյալներ էին։ Նկատի ունեմ, որ ով գիտի Իսրայելի պատմությունը և նացիստների որսի պատմությունը, հասկանում է, որ այդ մարդիկ երկար չէին ապրելու և նրանց մահը մոտ է։ Մինչ [Իսմայիլ] Հանիեի սպանությունը արդարադատություն իրականացվեց «Հեզբոլլահի» ահաբեկչի նկատմամբ, ով ներգրավված էր 1983 թվականին ԱՄՆ 241 ծովային հետևակայինների սպանության մեջ»։

Ուիլյամ Ուեքսլեր. «Զսպման ամենից արդյունավետ քայլն այն է, ինչ անում է Միացյալ Նահանգները: Որովհետև՝ եթե Իրանի հարձակումն Իսրայելի վրա լայնածավալ լինի, ապա կհետևի հարձակում Իրանի վրա, և ԱՄՆ ռազմական աջակցության շնորհիվ Իրանի հարվածն արդյունավետ չի լինի։ Նույնը այս ապրիլին էր։ Եթե ԱՄՆ-ն այն ժամանակ չօգներ Իսրայելին, ապա արդեն լայնածավալ պատերազմ կսկսվեր։ Հրադադարի շուրջ բանակցությունների առնչությամբ «Համասի» ղեկավարությունն այժմ հրապարակավ հայտարարում է, որ չի մասնակցելու դրանց։ Բայդենի վարչակազմը բարձրաստիճան պաշտոնյաներ է ուղարկել տարածաշրջան՝ փորձելով ստիպել «Համասին» փոխել այդ տեսակետը: «Համասն» էր, որ հոկտեմբերի 7-ին իր ահաբեկչությամբ սկսեց այս պատերազմը։ Նրանք դեռ պատանդներ են պահում։ Բացի այդ, վարչապետ [Բենիամին] Նեթանյահուն նույնպես ավելացրել է իր պահանջները, և Իսրայելը կարծում է, որ «Համասի» դեմ պատերազմում դեռ չի հասել իր ռազմական նպատակներին, քանի որ [«Համասի» նոր ղեկավար Յահյա] Սինվարը դեռ կենդանի է։ Այս իրավիճակը ձեռնտու է «Համասին»։ [Սինվարին] չի հետաքրքրում, թե որքան տառապանք, մահ և ավերածություններ է տանում Պաղեստինի ժողովուրդը։ Նա շահագրգռված է, որ պատերազմը շարունակվի։ Պաղեստինի ժողովրդի տառապանքը նրանց համար խոչընդոտ չէ պատերազմը շարունակելու համար»։

«Ամերիկայի ձայն». «Միացյալ Նահանգները հայտարարել է Իսրայելին պաշտպանելու իր պատրաստակամության մասին. Ի՞նչ ռազմական ներկայությունը ունի ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում»:

Բրեդլի Բոումեն. «Շատերն այժմ քննարկում են տարածաշրջանում ամերիկյան զորքերի թվի կրճատումը։ Աֆղանստանից զորքերի աղետալի դուրսբերում ունեցանք, և այն ժամանակ կար [ամերիկյան] 100 հազարանոց զորք Աֆղանստանում ու շատ ավելին Իրաքում: Բայց հարկ է նշել, որ ԱՄՆ զինուժը, չնայած իր թերություններին, աշխարհի ամենահզոր շարժական ռազմական ուժն է և կարող է արագորեն նոր ստորաբաժանումներ տեղափոխել Մերձավոր Արևելք»։

Ուիլյամ Ուեքսլեր. «Իրանի հարձակումից պաշտպանվելու նպատակով Միացյալ Նահանգները զգալի քանակությամբ ուժեր և միջոցներ է տեղակայել տարածաշրջանում: Երկու ավիակիր հարվածային խմբեր, գրոհային սուզանավ, բազմաթիվ կործանիչներ և հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր։ Միացյալ Նահանգները նաև ակտիվորեն համակարգում է այդ ուղղությամբ իր աշխատանքը տարածաշրջանի այլ երկրների հետ, որոնց օդային տարածքը կարող է օգտագործվել Իրանի հարձակման դեպքում և որոնց օդային տարածքը պետք է օգտագործվի պաշտպանության համար: Իսրայելն ի վիճակի չէ այդ անել ինքնուրույն, և Միացյալ Նահանգները կարևոր դեր խաղաց ապրիլին՝ [Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ]։ Սակայն, Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյաների փոքր խմբից զատ, ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք կունենա Իրանի հնարավոր հարձակումը, և ըստ հաղորդագրությունների՝ այս հարցում Իրանի ղեկավարությունում տարաձայնություններ կան, բայց որոշումը կայացնելու է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, այլ ոչ թե երկրի քաղաքական ղեկավարությանը: Չեմ զարմանա, եթե Թեհրանը որոշի օգտագործել իր թաքնված ահաբեկչական կարողությունները Գերմանիայում, Բելգիայում կամ այլուր, որպեսզի փորձի պառակտել Արևմուտքը: Բայց նաև կարծում եմ, որ որևէ հարձակում կանխելու միջոցներից մեկը կլինի հրադադարը, քանի որ այն կփրկի նաև Իրանի դեմքը»:

«Ամերիկայի ձայն». «Որչա՞փ կարող է Իսրայելը հույս դնել ԱՄՆ աջակցության վրա, եթե պատերազմ սկսվի և այն դուրս գա վերահսկողությունից»:

Բրեդլի Բոումեն. «Իսրայելն ունի Մերձավոր Արևելքի լավագույն բանակը. Իսրայելն ունի աշխարհում լավագույն ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերից մեկը՝ մեծամասամբ Միացյալ Նահանգների հետ համագործակցության շնորհիվ: Բայց Իսրայելը Նյու Ջերսիի չափ երկիր է՝ շրջապատված մարդկանցով, ովքեր ցանկանում են ոչնչացնել այն և չեն ճանաչում նրա գոյության իրավունքը։ Իսրայելին անհրաժեշտ կլինի ամերիկյան օգնություն։ Եթե հայացք նետեք գաղափարախոսությանը, հայտարարություններին, պարզ է դառնում, որ Իսրայելի թշնամիները ԱՄՆ թշնամիներն են։ Ուստի, իմ կարծիքով, Իսրայելին աջակցելը բարեգործություն չէ, այլ ներդրում։ Մենք ունենք դաշնակից, ժողովրդավարական երկիր Մերձավոր Արևելքում, որը վճռական է հետապնդելու Ամերիկայի թշնամիներին, թեև Իսրայելի ոչ բոլոր թշնամիներն են մեր թշնամիները։ Բայց մեր գլխավոր թշնամիներից մեկին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու համար Իսրայելից ավելի ընդունակ ու մոտիվացված գործընկեր չկա, և դրա համար մենք պետք է աջակցենք նրան։ Էլ չեմ խոսում միջազգային իրավունքի սկզբունքների մասին, որոնց հիման վրա մենք պետք է օգնենք Իսրայելին շարունակել գոյություն ունենալ»։

«Ամերիկայի ձայն». «Ի՞նչ արձագանք կարող է առաջացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը արաբական երկրներում»:

Բրեդլի Բոումեն. «Իրանը տարածաշրջանում խառնակիչ դեչ է կատարում 1979 թվականից: Մանկական խաղահրապարակի կռվարար երախայի նման ցանկանում է բաժանել մյուս երեխաներին խաղահրապարակում, որպեսզի հետո կարողանա նրանց հետ առանձին հաշիվներ մաքրել: Իրանը ստում է, որ տարածաշրջանային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը Իսրայելն է: Բազմաթիվ արաբ առաջնորդներ, որոնցից մի քանիսին հանդիպել եմ տարիներ առաջ, վաղուց գիտեին, որ դա սուտ է, և որ տարածաշրջանային անվտանգության իրական սպառնալիքը գալիս է Թեհրանից: Սաուդցիները չեն սպասում, թե Իսրայելը կհարձակվի իրենց վրա, քանի որ Իսրայելը հակված է հարձակվել միայն այն ժամանակ, երբ իր վրա են հարձակվում են կամ պատրաստվում են հարձակվել։ Նրանք բոլորն էլ սա գիտեն: Իսկ Աբրահամի համաձայնագրերը, [որոնք ստորագրվեցին 2020-2021 թվականներին Իսրայելի և արաբական պետությունների միջև` հարաբերությունների կարգավորման վերաբերյալ], կարևոր են, քանի որ դա հանրային ճանաչումն էր այն ամենի, ինչ արաբ առաջնորդները վաղուց գիտեին: Սա հատկապես կարևոր է Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում, քանի որ Իսրայելը նրանց համար վտանգ չի ներկայացնում։ Հետևաբար՝ միասնական, ինտեգրված տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն ստեղծելուն ուղղված ջանքերը, որը իրականացնում են Միացյալ Նահանգները և Պարսից ծոցի արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ և որոնք ներառում են նաև Իսրայելը, շահավետ են ներգրավված երկրներից յուրաքանչյուրի համար, տարածաշրջանային անվտանգության համար, համաշխարհային խաղաղության և առևտրի համար, բայց վատ են Իրանի համար: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ իրականացված սարսափելի ահաբեկչությունը, Իրանի տեսանկյունից, հետաձգեց Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման համաձայնագիրը, որը մեզ կտանի դեպի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ստեղծում»:

XS
SM
MD
LG