Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են: Ուկրաինական զինուժը այս շաբաթ մի քանի կամուրջներ է պայթեցրել՝ ռուսական բանակի համար նախատեսված մատակարարման ուղիները խաթարելու համար:
Ի պատասխան՝ ռուսական կողմը կրակի տակ է առել ուկրաինական սահմանամերձ Սումի մարզի տարածքը՝ վնասելով ենթակառուցվածքներ, սակայն զոհեր չկան։
Պենտագոնի գնահատմամբ՝ Ռուսաստանը փոքրաթիվ ուժեր է տեղափոխում Կուրսկ՝ հետ մղելու ուկրաինական հարձակումը:
«Ռուսաստանն, իրոք, դժվարություններ ունի արձագանքելու առումով, ուստի շարունակում ենք ականատես լինել ուկրաինական առաջխաղացմանը»,- հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ մայոր Փեթ Ռայդերը:
Մոսկվայի ներկայացմամբ՝ հազարավոր խաղաղ ռուսաստանցիներ են լքել Կուրսկի մարզը: Ուկրաինացի լրագրողներից մեկը, ով նոր է վերադարձել ուկրաինական ուժերի գրաված Սուջա քաղաքից, «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ քաղաքն, ընդհանուր առմամբ, չի վնասվել։
«Զարմացա, երբ տեսա, որ քաղաքը շատ հանգիստ տեսք ունի։ Ոչինչ չէր կատարվում, ինչը նշանակում էր, որ ուկրաինական ուժերն այնտեղից ավելի առաջ են շարժվել»,- ասում է ուկրաինացի լրագրող Դիանա Բուտսկոն։
Ռուսաստան ուկրաինական ռազմուժի ներխուժումն աննախադեպ է Երկրորդ աշխարհամարտից ի վեր: Դիտորդները նշում են՝ այն կարող է հաջողություն բերել Կիևին:
«Այն ուկրաինացիներին հնարավորություն է տալիս ճնշում բանեցնել Ռուսաստանի նկատմամբ։ Սա ամոթ է Կրեմլի համար»,- ասում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող Չարլզ Կուպչանը:
Այդուհանդերձ՝ տակավին անհայտ է, թե որոնք են Կուրսկի մարզում ուկրաինական զինուժի գործողությունների ռազմական նպատակները:
«Ուժերը, որ ռուսներն օգտագործում են Կուրսկի մարզում [ուկրաինական հարձակումը հետ մղելու համար], գալիս են Ռուսաստանից։ Նրանք դուրս չեն բերվում Ուկրաինայից՝ ռազմաճակատից, թեև որոշ փոքրաթիվ զորամիավորումներ տեղափոխվել են [Կուրսկի մարզ]»,- նշում է Կուպչանը:
Ուկրաինայի ներկայացմամբ՝ իր ռազմական ծրագիրը գաղտնի է անգամ արևմտյան երկրների համար: Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի վճռականորեն աջակցել Կիևին՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։