Մատչելի հղումներ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոցել են «Շահեդ» տեսակի ռուսական 11 անօդաչուներ


Ռուս-ուկրայինական պատերազմ
Ռուս-ուկրայինական պատերազմ

Սոցցանցերում շրջանառվող տեղեկության համաձայն՝ ռուսական ուժերը «Օսա» տեսակի զենիթահրթիռային համակարգ և այլ սարքավորումներ են կենտրոնացնում օկուպացված Ղրիմի՝ Սևաստոպոլի մոտ գտնվող Բելբեկ օդանավակայանում։

Զուգահեռաբար՝ օգոստոսի 19-ի գիշերը ռուսական զորքերը շարունակել են օդային գրոհները Ուկրաինայի ուղղությամբ՝ օգտագործելով «Շահեդ» տեսակի անօդաչուներ՝ հաղորդում են ուկրաինական ռազմաօդային ուժերը։ Բոլոր՝ 11 անօդաչուները խոցվել են Նիկոլաևի, Չերկասի, Վինիցայի, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Սումիի և Դոնեցկի շրջանների վրա։

Զապորոժիեի մարզային իշխանություննեի փոխանցմամբ՝ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը մարզի ուղղությամբ կրակ են բացել 371 անգամ։ Սումիի, Խարկովի և Չեռնիգովի մարզերի սահմանամերձ շրջանները գնդակոծվել են 89 անգամ։ Լուգանսկից հաղորդել են, որ մի շարք բնակավայրերում ռուսական բանակը ոչնչացնում է վերջին բնակելի տները։

«Հակառակորդը հարձակվել է չորս բնակավայրերի ուղղությամբ։ Մասնավորապես, Կուպյանսկի ուղղությամբ, ինչպես նաև Գրեկովկայի, Մակեևկայի և Լիմանսկի։ Զավթիչները նպատակաուղղված գրոհում են գյուղերը՝ ավերելով վերջին բնակելի տները»,- հաղորդում է մարզային վարչակազմը։

Առավոտյան Ռուսաստանը հարվածներ է հասցրել Սումիի շրջանի ութ համայնքների։ Թիրախավորվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց համայնքը։ Դոնեցկի մարզի՝ Տորեցկ ու Զարեչնոյե բնակավայրերը գնդակոծվել են։

«Օգոստոսի 19-ին զավթիչները կրկին հարձակում գործեցին Տորեցկ քաղաքի վրա։ Խաղաղ բնակչության դեմ հակառակորդը կիրառել է հրետանի։ Տան մոտ՝ բակում ստացած ծանր բեկորային վնասվածքից 71-ամյա թոշակառու է մահացել։ Բացի այդ՝ ռուսական բանակը թիրախավորել է Լիմանի շրջանի Զարեչնոյե գյուղը։ Փողոցում 61-ից 72 տարեկան երեք քաղաքացիական անձինք՝ տղամարդ և ամուսնական զույգ, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել։ Կիրառված սպառազինության տեսակը պարզվում է»,- հայտնել են Դոնեցկի մարզային դատախազությունից։

Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը տեղեկացրել է, որ մարզի երկու բնակավայրերում՝ Կուրախովկայում և Գորնյակում, պարետային ժամ կսահմանվի օրը 20 ժամ։ Նման սահմանափակումներ արդեն գործում են Միրնոգրադում, Նովոգրոդովկայում և Սելիդովոյում։ Պոկրովսկում օգոստոսի 20-ից կսկսվի երեխաների հարկադիր տարհանումը։ Ֆիլաշկինի խոսքով՝ ներկայում քաղաքում ապրում է ավելի քան 53 հազար մարդ, այդ թվում՝ մոտ 4 հազար երեխա։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի են ունեցել 145 մարտեր։ Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ուկրաինայի զինուժի «Խարկով» օպերատիվ-ռազմավարական զորախումբը հայտնել է, որ ռուսական բանակը Խարկովի ուղղությամբ առաջխաղացման փորձեր է կատարել։ Մարտեր են ընթանում Վոլչանսկի և Լիպցևի շրջանում։

Ռուսաստանի Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչուների հարվածից արդեն երկրորդ օրն է այրվում է նավթի պահեստը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են 18 զոհի մասին։

Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից օկուպացված թերակղզում բենզինի պակաս կա։

«Ղրիմի քամի» տեկեգրամյան ալիքը հայտնել է ռուսական հին՝ «Օսա» զենիթահրթիռային համակարգի և այլ սարքավորումների տեղափոխման մասին Սևաստոպոլի մոտ գտնվող Բելբեկ օդանավակայանի տարածք։

««Օսան», ի տարբերություն ավելի ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի, դժվարանում է որսալ ցածր թռչող թիրախները: Նման հնացած օգտագործումը խոսում է ռուսական բանակում առկա «սպառազինության սովի» և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի բացակայության մասին»,- գրում է տելեգրամյան ալիքը։

XS
SM
MD
LG